Ամեն պահի ԱԱԾ պետը կարող է պաշտոնանկ արվել․ Փ...

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մարգարիտա Ազարյանը, ով զբաղեցնում էր վարչապետի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնը, ազատվել է աշխատանքից: 

Հիշեցնենք, որ Մարգարիտա Ազարյանը նախկինում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի կադրերի բաժնի պետն էր, իսկ իշխանափոխությունից հետո նա տեղափոխվեց կառավարություն։ Մարգարիտա Ազարյանը ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի մայրն է։

Մարգարիտա Ազարյանի տեղափոխությունը Սերժ Սարգսյանի աշխատակազմից Նիկոլ Փաշինյանի աշխատակազմ ժամանակին բացատրվում էր նրանով, որ նա փորձառու կադր է, ու օգտակար կլինի իր ներկայությունը երիտասարդներով համալրված աշխատակազմում։ 

Կառավարության կողմից տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ Ազարյանը ազատվել է  սեփական դիմումի համաձայն, սակայն ակնհայտ է, որ նման որոշում է կայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Բայց այստեղ հարց է առաջանում` ինչու՞ է Փաշինյանը որոշել ազատվել իր կառավարության ամենափորձառու կադրերից մեկից, ով նաև քաղաքական պաշտոն չի զբաղեցնում, քաղաքական որոշումներ չի կայացնում, ըստ էության, տեխնիկական բնույթի, բայց կարևոր աշխատանք է կատարում։

Այս ամենը կարող է բացատրվել միայն մեկ բանով՝ վարչապետ Փաշինյանի և ԱԱԾ պետ Վանեցյանի հարաբերությունները այնքան էլ լավ չեն, ու նա այս կերպ նախազգուշական «կրակոց» է անում ԱԱԾ պետի կողմ։ Մարգարիտա Ազարյանի ազատումը ակնարկ է Արթուր Վանեցյանին, որ իր և վարչապետի հարաբերությունները այլևս նախկինը չեն, ու ամեն պահի Վանեցյանն ինքն էլ կարող է պաշտոնանկ արվել։