Ամեն բան կարող է ավարտվել Տիգրան Ավինյանի հրա...

Ամուլսարի հանքի շահագործման հարցը իրական գլխացավանք է դարձել իշխանությունների համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարեց, որ որևէ խնդիր չի տեսնում, և հանքը պետք է շահագործվի։ Վարչապետի խոսքը շատ է բարկացրել բնապահպաններին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։ Իսկ օգոստոսի 19-ին Բաղրամյան պողոտայում Ամուլսարի՝ հանք դառնալու դեմ բողոքի դուրս եկած քաղաքացիների նկատմամբ ոստիկականական բռնություններ կիրառելը շատերի համբերության բաժակն է լցրել։

Ամուլսարի պաշտպանները շարունակում են փակ պահել հանք տանող ճանապարհը և զուգահեռաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում մայրաքաղաք Երևանում։ Շաբաթ օրը Երևանում երթ է կազմակերպվում՝ ի պաշտպանություն Ամուլսարի։ Այս երթը և սկսված պրոցեսները կարող են անդառնալի հետևանքներ թողնել իշխանությունների համար։ Վարչապետ Փաշինյանի վարկանիշը սրընթաց վայրէջք է ապրում։ 

Վարչապետ Փաշինյանը պոպուլիստ քաղաքական գործիչ է և չի կարող գործել առանց հասարակության լայն զանգվածների աջակցության։ Փաշինյանի դեմ ազդեցիկ ընդդիմադիր ուժեր կան, որոնք ունեն փող, մեդիա և մարդկային ռեսուրս։ Այս պայքարում Փաշինյանը չի կարող հենվել միայն ուժայինների վրա։ Նրան շատ է պետք հանրային աջակցություն։ Եվ եթե նրա վարկանիշը մեծ անկում արձանագրի, ապա չի կարելի բացառել, որ հանուն դրա նա կարող է կասեցնել Ամուլսարի՝ հանք դառնալու նախագիծը։ Ամեն բան կախված է նրանից, թե բնապահպանները ինչպիսի մարդկային ուժեր կկուտակեն, և հասարակության որ հատվածը կաջակցի նրանց։

Բայց Փաշինյանի նման որոշումը չի կարող անհետևանք մնալ։ Նա չի կարող ընդունել, որ սխալվել է։ Փաշինյանի համար այս սցենարի զարգացման դեպքում պետք կլինի քավության նոխազ, իսկ այդպիսին կարող է լինել միայն  փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով Ամուլսարի՝ ոսկու հանք դառնալու գործի «քավորն» է դարձել (այդպես են պնդում բնապահպանները)։ Եվ պատահական չէ, որ հենց Տիգրան Ավինյանն է ամենաակտիվը պայքարում հանքի շահագործման համար։