Ժուռնալիստների միությունն ԱԺ-ից պահանջում է պ...

News.am-ը գրում է․ «Հայաստանի ժուռնալիստների միությունը հարցում է ուղարկել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին՝ պահանջելով Տեղեկատվության ազատության մասին օրենքի սահմաններում պարզաբանել, թե օրենսդրական ինչ հիմնավորումներով է աշխատակազմը հրաժարվել հավատարմագրել Yerevan.today կայքի լրագրող Սյուզի Բադոյանին։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում օրեր առաջ միջադեպ էր տեղի ունեցել լրագրողի եւ պատգամավոր Հայկ Սարգսյանի միջև։ Հայկ Սարգսյանը նախ քաշել էր Սյուզի Բադոյանի ձեռքից, ապա, խլելով բարձրախոսը լրագրողից, փակվել էր իր աշխատասենյակում։

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, 168.am կայքի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը NEWS.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ԱԺ աշխատակազմի կողմից հավատարմագրումը մերժելն անմիջականորեն ուղղված է լրատվամիջոցի եւ լրագրողի գործունեության դեմ։

«Մի կողմ թողնենք՝ նրանք սիրում են, չեն սիրում, ում են նախընտրում, բայց նրանք պարտավոր են պարզաբանում տրամադրել, որովհետեւ դա ցանկացած լրատվամիջոցի դեմ նրանք կարող են, եւ վստահ եմ՝ կկիրառեն։ Ժամանակի ընթացքում եղել են տարբեր դրսեւորումներ, բայց ոչ այս կարգի, ընդ որում՝ տվյալ օրը, ակնհայտորեն, այդ պատգամավորը, որը կրիմինալ տարբեր դրվագներով հայտնի է հանրությանը, կոնկրետ կոպիտ խախտում է անում, իրեն իրավունք է վերապահում վերցնել լրագրողի խոսափողը, դրանից ակնառու քայլ ի՞նչը կար, որ պետք է քննադատության ենթարկվեր իր գործընկերների կողմից։ Դահլիճում բազմաթիվ նախկին լրագրողներ կան, ովքեր պետք է դատապարտեին։ Երեւի սրանով չափում են իրենց նվիրվածությունը իրենց ղեկավարին։ Մասնավորապես, նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանի կողմից խրախուսվում է, որովհետեւ նրանք այդպիսով ցույց են տալիս, թե ինչ հավատարիմ են Նիկոլ Փաշինյանին, հետեւաբար նրանցից որեւէ բան սպասելն անիմաստ է։ Ինչպես տեսնում ենք՝ գործող վարչակարգը, առհասարակ, իրենց պատգամավորներին ձգելու, պատժելու կամ նույնիսկ դիտողություն անելու հատկություն չունի»,- ասաց նա։