«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում քննարկում ե...

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում քննարկումներ են սկսվել ՀՀ քննչական կոմիտեի կողմից հարուցված քրեական գործի առնչությամբ: Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կապված մայիսի 12-ին տեղի ունեցած դեպքերի հետ, երբ ադրբեջանական կողմին հաջողվել էր անցնել Հայաստանի սահմանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) և 365-րդ հոդվածի 3-րդ մասի (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) հատկանիշներով: Եվ, ահա, մեզ հասած տեղեկություններով՝ իրավապահ համակարգում քննարկում է սկսվել, որ այս քրեական գործի հարուցումից հետո հարցաքննությունը պետք է սկսել Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանից:

Այն տեսակետն է արտահայտվել, որ եթե Գլխավոր շտաբի կամ նրա ղեկավարի առնչությամբ ուսումնասիրություններ չսկսվեն, և նրան մեղադրանք չառաջադրվի, ապա այս ամեն ինչը միայն շոու է: Իրավապահ համակարգում ևս այն տեսակետն է արտահայտվել, որ գլխավոր պատասխանատուն հենց Արտակ Դավթյանն է: Եվ հիմա մնում է հասկանալ՝ այս քրեական գործի հարուցումը շոու էր, գոլորշի բաց թողելու քայլ, թե իսկապես գործողություններ կլինեն»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։