Ընդունվեց հակաճգնաժամային 23-րդ միջոցառումը

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում Հայաստանի Հանրապետության տնտեսվարողների շրջանում առաջացած դժվարությունների հետևանքով ստեղծված իրավիճակում գործունեության շարունակականությանը և աշխատատեղերի պահպանմանը:

«Գաղտնիք չէ, որ կորոնավիրուսի տարածումը հատկապես մեծ ազդեցություն է թողել զբոսաշրջության ոլորտի ծառայությունների բնագավառում: Այդ ոլորտում տարբեր ծառայությունների վրա ազդեցությունը եղել է տարբեր, սակայն, ընդհանուր առմամբ, ըստ վերջին ամիսների տվյալների` նշված ոլորտներում ծառայությունների մատուցումից եկամուտները նախորդ տարվա նույն ամիսների համեմատությամբ կրճատված են ավելի քան երկու անգամ»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ այդ կազմակերպությունների համար ամենակարևոր խնդիրներից մեկը աշխատատեղերի պահպանման հետ կապված ֆինանսական դժվարությունները հաղթահարելու հարցն է:

Միջոցառման շահառու են մինչև 2020 թվականի մարտի 31-ը ստեղծված և ոչ պակաս, քան 3 աշխատակից ունեցող հետևյալ ոլորտի ներկայացուցիչները.

  •  Կացության կազմակերպում՝ ներառյալ առողջարանները
  •  Հանրային սննդի կազմակերպում
  •  Զբոսաշրջային գործակալությունների և օպերատորների գործունեություն, տեղերի ամրագրում և զբոսաշրջային ոլորտի այլ ծառայություններ:

Միջոցառման աջակցության տևողությունը 2020 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի մարտն է։ Դրամաշնորհները տրվում են յուրաքանչյուր ամսվա համար։ Աջակցության եղանակը յուրաքանչյուր երրորդ կամ չորրորդ աշխատակցի աշխատավարձի սուբսիդավորումն է այս միջոցառման շրջանակներում, որը նշանակում է ամբողջ աշխատավարձի ֆոնդի 33 կամ 25 տոկոս հատուցում: Ավելի մեծ չափով աջակցություն կստանան այն տնտեսվարողները, որոնք, չնայած դժվարություններին, աջակցության ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ պահպանած են եղել իրենց աշխատակիցների կամ աշխատատեղերի ոչ պակաս, քան 70 տոկոսը:

Տնտեսավարողը չի համարվի միջոցառման շահառու, եթե օրենքով սահմանված կարգով 2019 թվականի ընթացքում տնտեսավարողին 50 մլն դրամը գերազանցող ավելացված արժեքի հարկի գերավճարի վերադարձ են ունեցել և չնայած դրան, կրճատել են աշխատակազմի կեսից ավելին: Եվ եթե կազմակերպությունը կատարել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտող, ապա այդ ամսվանից և հետագա ամիսների համար կազմակերպությունը կդադարի օգտվել աջակցության ծրագրից: