Ղազախստանում ղրղզական եւ բելառուսական սցենարն...

Հունվարի 10-ին Ղազախստանում տեղի ունեցան խորհրդարանական եւ տեղական իշխանությունների բոլոր մակարդակների ներկայացուցչական մարմինների ընտրություններ։ Ընտրապայքարը բավական բարդ իրավիճակում ընթացավ, եթե հաշվի ենք առնում կորոնավիրուսային համավարակը, որը շարունակում է մոլեգնել ողջ աշխպարհում։

Չնայած մինչեւ ընտրությունները կային բավական մտավախություններ կապված այն բանի հետ, որ հնարավոր է երկրում ներքաղաքական լարվածություն սկսվի, սակայն կարծես թե այստեղ բելառուսական եւ ղրղզական սցենարները չաշխատեցին։ Պահպանվեց ներքաղաքական կայունությունը, ինչը հատկապես կարեւոր է այդ երկրի զարգացման հետագա ընթացքի համար։

Ինչպես եւ կարելի էր սպասել, ընտրություններում հաղթանակ տոնեց իշխող «Նուր Օթան» կուսակցությունը, որը ղեկավարում է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, իսկ Ղազախստանի նոր պառլամենտում ներկայացված կլինի երեք կուսակցություն, թեեւ յոթտոկոսանոց շեմը հաղթահարել էր հինգ կուսակցություն։ Այսօր արդեն հայտնի դարձավ, որ Ղազախստանի գործող կառավարությունը, գլխավորությամբ Ասկար Ակաեւի, ներկայացրել է հրաժարական, ըստ օրենսդրության պահանջի։ Նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաեւն էլ որոշում է ստորագրել, որով, կառավարությունը, մինչեւ նոր կառավարության ձեւավորումը, կշարունակի իրականացնել գործադիր իշխանության ոլորտում իրենց վերապահված լիազորությունները։

Հետխորհրդային տարածքում, որը հետզհետե ավելի ու ավելի պայթյունավտանգ է դառնում, սա բավական հետաքրքիր իրավիճակ է, քանի որ վերջին շրջանի համար բավական տոկուն կայունություն է ցուցաբերվում քաղաքական առումով։ Ու սա այն դեպքում, երբ Բելառուսում, Ղրղզստանում, նույնիսկ 2018-ին Հայաստանում, նման կայունություն սցենարները կարծես թե այլ կերպ սկսեցին զարգանալ, եւ միայն հուժկու հակազդեցությամբ էր, որ Բելառուսում իրավիճակը վերադառնում է բնականոն հուն։ Սա նաեւ այն դեպքում, երբ Կենտրոնական Ասիայի հանդեպ, որպես ռեգիոն, հետաքրքրությունը սկսում է աճել, ու բոլորը՝ սկսած Ռուսաստանից, Արեւմուտքից ու Չինաստանից մինչեւ նեո-օսմանական մարմաջով տառապող Թուրքիան, այն իրենց շահերի ոլորտում են տեսնում։