Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի արդյունքները թու...

Ղարաբաղյան 44-օրյա պատերազմը իր արդյունքներով, կարծես թե ողջամտությունից զրկել է ոչ միայն Բաքվին, այլ նաեւ Անկարային։ Ադրբեջանի դեպքում դեռ կարելի է հասկանալ, իշխող վարչակարգը 30-ամյա ստորացվածությունն է փորձում թոթափել եւ դա «վաճառել» սեփական ժողովրդի վրա։

Հասկանալի է նաեւ «հաղթանակից հարբածությունն» ու «հաղթանակի էյֆորիան»։ Սակայն Թուրքիայում տիրող որոշ տրամադրություններ ոչ միայն անհասկանալի են, այլ նաեւ պարզապես, անհնար է պատկերացնել, քանի որ տարրական ողջամտության շրջանակներից արդեն դուրս են եկել։ Մասնավորապես, թուրքական AHaber-ը գրում է, որ ռուսական մամուլում աճում է «թուրքական ուժի» հանդեպ վախի չափաբաժինը։ Հոդվածը, որը վերնագրված է «Հինգ պետություն՝ մեկ ժողովուրդ», ոչ ավել, ոչ պակաս, զարգացնում է այն թեզը, թե Ռուսաստանում սկսել են վախենալ Թուրքիայից, քանի որ «թուրքական ուժի պլանն է գործարկվել»։

Այդ ենթադրյալ վախը, ըստ թուրք հոդվածագրի, կապված է այն բանի հետ, որ հիմա Թուրքիայում փորձում են առաջ մղել նեոօսմանյան իդեալները եւ կայսրության վերականգնման ամբիցիաներով են առաջնորդվում։ Հետաքրքրական է այն, որ Մոսկվայի ենթադրյալ վախը Անկարայի հանդեպ սկսվել է Ղարաբաղյան պատերազմով, որտեղ Անկարան խաղաց իր դերակատարությունը Բաքվի կողքին կանգնելով եւ ամեն կերպ աջակցելով։ Ղարաբաղյան պատերազմը իր ոչ հայանպաստ արդյունքներով, Անկարայում դարձել է յուրատեսակ խորհրդանշան «Bir millet beş devlet» /«Հինգ պետություն, մեկ ժողովուրդ»/ ամբիցիոզ թեզի հայտարարման համար։

Հետաքրքրական է, որ հաջորդիվ, ըստ հոդվածի, թուրքական ռազմական ուժի ստեղծումն է Կենտրոնական Ասիայում։ Այս ամենն իհարկե, չափազանց հետաքրքրական է, սակայն զուտ որպես պանթյուրքիստական երազանքների արտահայտություն։ Այո, այն, որ Անկարան դեռեւս երրորդ դեմքով սկսել է ամբիցիաներ ցուցաբերել նույնիսկ ռուսական որոշ տարածքների հանդեպ, հասկանալի է ինքնին, սակայն, որ Ղարաբաղյան այսպես կոչված հաղթանակը թուրք վերլուծաբաններին ու փորձագետներին այնքան կարբեցնի, այնքան կգցի էյֆորիայի մեջ, որ նրանք կհայտարարեն, որ միջուկային գերտերություն Ռուսաստանը կարող է վախենալ Անկարայից, սա արդեն խոսում է այն մասին, որ ոչ միայն Բաքվում, այլ նաեւ Անկարայում սկսել են կտրվել իրականությունից եւ ցանկալին ընդունել իրականության տեղ, ասել է, թե՝ նրանք դադարել են ողջամիտ դատողություններ անելուց։