Վրաստանը փորձում է հարմարվել նոր իրականության...

Այսօր՝ ապրիլի 12-ին, Վրաստանի խորհրդարանում դռնփակ ռեժիմով կքննարկվի Ղարաբաղյան հակամարտության հարցը։ Քննարկման ընթացքում ելույթով հանդես կգա Վրաստանի Հետախուզական ծառայության ղեկավար Շալվա Լոմիձեն։ Այս մասին հայտնել է Վրաստանի առաջին ալիքը: Քննարկումը կընթանա «Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագրի ազդեցությունը Հարավային Կովկասի անվտանգության միջավայրի վրա» թեմայի շուրջ։ Լոմիձեն կներկայացնի իր տեսակետը Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Հանդիպմանը քննարկվելու է նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը: Ենթադրվում է, որ հանդիպումը տեղի կունենա դռնփակ: Ինչ խոսք, սա չափազանց հետաքրքիր է։ Ղարաբաղյան հակամարտության հարցում Վրաստանի դիրքորոշման մասով միանշանակ ոչինչ ասել հնարավոր չէ։ Նույնիսկ ընդհակառակը, կարող ենք ասել, որ ունենալով տարածքային կորուստներ, Թբիլիսին մշտապես ջատագովել է տարածքային ամբողջականության սկզբունքը, աջակցություն հայտնելով այդպիսով Ադրբեջանին, եւ ինչպես ասում են՝ «հաճելին օգտակարի հետ համատեղելով», եթե հաշվի առնենք, որ Բաքուն «առանձնահատուկ վերաբերմունք» է դրսեւորում բոլոր այն երկրների հանդեպ, որոնք պաշտպանում են իր տեսակետը Ղարաբաղյան հակամարտությունում։

Պատերազմի ժամանակ էլ Վրաստանը բավականին «աջակցեց» Ադրբեջանին, թուրքական օդանավների տարանցման ճանապարհ ապահովելով դեպի Ադրբեջան (ասում են դրանցում Էրդողանի գրոհայիններն էին, որ բերվում էին Ղարաբաղ՝ հայերի դեմ պատերազմելու) եւ հայտարարեց, որ չի տրամադրի իր տարածքը, որպեսզի Ռուսաստանից հանկարծ ռազմական բեռ չփոխադրվի Հայաստան։ Իհարկե, այս մասին ընդունված չէ խոսել, սակայն, ինչպես ասում են՝ «մախաթը պարկում չես թաքցնի եւ իրականությունը միշտ աղաղակում է քարերի միջոցով նույնիսկ, եթե մարդիկ էլ չխոսեն այդ մասին։ Սակայն 44-օրյա պատերազմից եւ հատկապես դրա ավարտն ազդարարող 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Վրաստանում բավականին անհանգստություններ սկսվեցին։

Նախ, ռուս խաղաղապահների հայտնելը Ղարաբաղում (միջազգային իրավական առումով՝ Ադրբեջանի տարածքում, ինչպես հենց Կրեմլն է արձանագրում) նշանակեց, որ Ռուսաստանն իր դիրքերը ամրապնդում է ռեգիոնում, եւ Հարավ-Կովկասյան երեք հանրապետություններում էլ ունեցավ ռազմական ներկայություն։

Բացի այդ, 2020 թ նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունները, ինչպես նաեւ, դրանց թելադրանքով սկսված տնտեսական կապերի եւ տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ ընթացող գործընթացները, որոնց ակտիվացման հարցում համակարծիք են ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Թուրքիան՝ Պուտին-Էրդողան վերջին հեռախոսազրույցի առնչությամբ տարածված հայտարարությունը հաշվի առնելիս, Թբիլիսիում կա անհանգստություն դեռ նոյեմբերի 10-ից սկսած անցյալ տարվա, որ Վրաստանը կարող է կորցնի իր ռեգիոնալ տարանցիկ պետության դերն ու նշանակությունը, հանգամանք, որ քիչ քաղաքական եւ տնտեսական օգուտներ չի բերում Վրաստանոին Հարավ-Կովկասյան քաղաքական լանդշաֆտի բազմաբարդությունը հաշվի առնելիս։

Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ Վրաստանը փորձում է հարմարվել նոր իրականությանը, բայց թե որն է դա, դժվար է ասել։ Ամեն դեպքում հայտնի «Վեցյակի ֆորմատի» մասով Վրաստանը գոնե փորձագիտական մակարդակում իր նեգատիվ վերաբերմունքն արտահայտել է։ Բայց դե պաշտոնական մակարդակում ինչ որոշումներ կկայացվեն եւ ինչ տրանսֆորմացիաներ կլինեն, դժվար է ասել։