Որն է Հայաստանի՝ Արեւմտյան գիծ ընտրելու ապագա...

Չնայած այն բանին, որ անդրկուլիսյան բանակցությունները քաղաքական ուժերի եւ իշխանությունների միջեւ կարծես թե սկսում են ինտենսիվանալ, սակայն Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը ընդհանուր առմամբ շարունակում է խորանալ եւ դեռ չափազանց ժամանակավրեպ է ասել, որ կարգավորման նշաններ կան։ Արդյունքում ունենք այն, որ մոտ երեք տարվա կառավարումը «թավշյաների», որը կարելի է բնութագրել որպես տխրահռչակ կառավարում, հիմա էլ զուգորդվում է այնպիսի խորը քաղաքական ճգնաժամով, որը արդեն խաղատախտակին է դրել հայկական պետականության ապագան։

Ընդհանուր առմամբ կա կատարյալ անվստահություն քաղաքական ուժերի եւ իշխանությունների միջեւ, պարզ ասած՝ ոչ մեկը չի հավատում, որ Նիկոլ Փաշինյանը օրինակ իր խոստումը կկատարի եւ հերթական անգամ սուտ չի խոսի, որովհետեւ մոտ եռամյա կառավարման շրջանը «թավշիստների» ցույց է տվել, թե որքան հաճախ է նա ասել մի բան, բայց արել լրիվ այլ բան, եւ խախտել տված խոստումները, պարզապես ստել ու անցել առաջ։ Դա երեւացել է ամենուր, ներառյալ նաեւ նաեւ արտաքին քաղաքականության մեջ, ունենալով խայտառակ դրսեւորումներ, ինչպես օրինակ ռուսական «Իսկանդերների» հայտնի դրվագը, որը նույնիսկ անեկդոտային է հնչում։ Շատերը կարծում են, որ այն իրավիճակը, որը կա այսօր Հայաստանում, ուշ կամ շուտ բերելու է նրան, որ Հայաստանը դուրս գա ռուսական ազդեցության ոլորտից եւ արտաքին քաղաքականության եւ աշխարհաքաղաքականության առումով կողմնորոշվի դեպի Արեւմուտք։

Շատերը նմանություններ են տեսնում Փաշինյանի եւ Սահակաշվիլու միջեւ, նույնիսկ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի եւ Վրաստանի տարածքային կորուստների միջեւ նմանություններ են տեսնում եւ զուգահեռներ տանում։ Սակայն այստեղ կարեւոր է մտածել այլ հարցի շուրջ՝ իսկ ինչ է նշանակում Հայաստանի համար դեպի Արեւմուտք կողմնորոշման փոփոխությունը․ կամ ավելի կոնկրետ՝ Արեւմուտքը Հայաստանի համար ինչ է նշանակում։ Արեւմուտքը մեզ համար, որքան էլ տեսականորեն Եվրոպա կամ ԱՄՆ նշանակի, գործնականում նշանակում է Թուրքիա, որովհետեւ մեր ռեգիոնում Արեւմուտքը ի դեմս ՆԱՏՕ-ի, ներկայացված է Թուրքիայով։

Հետեւաբար, եթե Հայաստանը անցում կատարի դեպի Արեւմուտք՝ ռուսական ազդեցության գոտուց դուրս գալով, դա պարզապես կնշանակի՝ 100 տոկոսով վերանայել հարաբերությունները Թուրքիայի հետ, հրաժարվել Հայոց Ցեղասպանության խնդրից, հրաժարվել Արցախյան խնդրից եւ ի վերջո դառնալ թուրքական կապիտալի «գերին»։

Նախադեպը մեզ համար Վրաստանն է։ Իհարկե, ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը չեն համարձակվի Վրաստանին «թթու խոսք» ասել, որովհետեւ առնվազն Սեւ ծովում ռուսներին անհարմարություններ պատճառելու մասով Վրաստանը Արեւմուտքին պետք է, սակայն Հայաստանը ծով չունի եւ միակ հետաքրքրությունը Արեւմուտքի համար՝ հակաիրանական պլացդարմ դառնալն է լինելու, մի բան, որ չափազանց ռիսկային է լինելու։

Ուստի որեւէ մեկս պետք է պատասխանենք ինքներս մեզ հետեւյալ հարցին՝ կուզենանք արդյոք, որ Հայաստանը դառնա միաժամանակյա կերպով՝ եւ թուրքական պրոտեկտորատ եւ հակաիրանական պլացդարմ։