Որեւէ լուրջ բան չի արվել Հայաստանում բիզնեսնե...

Չեմ կարծում, թե որեւէ լուրջ բան արվել է Հայաստանում բիզնեսները փրկելու համար: Այս մասին տնտեսական լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Փրկել բառն եմ օգտագործում, որովհետեւ մի ամբողջ ոլորտ ոչնչացման եզրին է կանգնած: Խոսքը պետք է լինի ոչ թե արտոնյալ վարկերի մասին, այլմի շարք միջոցառումների մասին: Առաջին հերթին հարկային արտոնություններ, օրինակ մեկ տարի չհարկել լորտը որեւէ հարկատեսակով եւ այլն: Պետք է համալիր միջոցառումներով առաջ գնալ:

 
Երբ բիզնեսն ամբողջությամբ կանգնած է, դու արտոնյալ վարկ տալով խնդիր չես լուծում, միայն վարկային բեռն ես ավելացնում այդ բիզնեսի վրա: Տվյալ դեպքում արտոնյալ լինելն էլ պայմանական է այսօրվա պայմաններում, երբ Եվրոպայում փողը բավական էժան է: Այն, ինչն այստեղ արտոնյալ են ասում, Եվրոպայում ընդհանրապես միջին վարկային տոկոսն է, միգուցե ավելի ցածր: Տվյալ դեպքում ես չեմ համարում, որ արվել է որեւէ լուրջ քայլ բիզնեսին աջակցելու համար»,-ասաց Քոչարյանը:

Նա նաեւ նկատեց, որ քայքայված բիզնեսը հնարավոր չի լինելու 1-2 ամսում վերականգնել, տարիներ են պահանջվելու. «Սա պարզ ճշմարտություն է, որը իմ կարծիքով չեն հասկանում: Գիտե՞ք ինչու չեն հասկանում, որովհետեւ այնտեղ ոչ մեկը իր կյանքում 5 աշխատատեղ չի ստեղծել»:

Անդրադառնալով կառավարության կողմից իրականացված հակաճգնաժամային միջոցառումներին, Քոչարյանն ասաց. «Ամենից վատն այն է, որ այս ամենը ներկայացվում է որպես մարդկանց լավություն անելու քայլեր: Դուք լավություն չեք անում, դուք ձեր պարտքն եք կատարում որպես կառավարություն: Եթե այս պայմաններում դուք նույնիսկ այդ քայլերը չանեք, ապա ինչո՞վ պետք է զբաղված լինեք ընդհանրապես: Պետք է պարզապես հիշել, թե ինչի համար է կառավարություն եւ իշխանությունը: Իրենց գրպանից չի այդ ամենը, իրենք պետք է ճիշտ կառավարեն, ճիշտ եկամուտներ ստանան, տնտեսությունը զարգանա, դժվար պահերին պետք է այո,  մարդկանց կողքին, բիզնեսների կողքին կանգնել»: