Ու՞ր կտանի մեզ Էրդողանի և Փաշինյանի «ախպերութ...

Հայաստանի գործող իշխանությունների յուրահատկություններից մեկն էլ այն է, որ անհունորեն նվիրված են հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, նույնիսկ՝ դրանք եղբայրական դարձնելուն, կամ ինչպես ընդունված է ասել՝ հայ-թուրքական քիրվայությանը։ Հայաստանում նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք այս թեմային այսքան ջերմեռանդ նվիրվածություն չի եղել, որքան հիմա է՝ Նիկոլ Փաշինյանի թիմի մոտ։

Թե ինչի են ուզում հասնել նիկոլականները հայ-թուրքական քիրվայությամբ, դժվար է ասել։ Գուցե ունեն հեռագնա պլաններ՝ ապագայում Վրաստանի օրինակով, հիմնվելով Անկարայի վրա, Հայաստանը դուրս բերել ռուսական ուղեծրից եւ տանել դեպի Արեւմուտք։ Հնարավոր տարբերակ է։ Սակայն տարբերությունները Հայաստանի եւ Վրաստանի չափազանց ակնբախ են։

Ամենից կարեւոր հարցը, որ կա՝ Հայոց Ցեղասպանության հարցը, մշտապես լինելու է դամոկլյան սրի նման կախված նիկոլական «հայ-թուրքական քիրվայության» գլխին։ Վրաստանը չունի նման հարց Անկարայի հետ եւ Վրաստանի համար ավելի հեշտ է Անկարայի հետ լեզու գտնել։ Ու չպետք է հույսեր փայփայել, թե եթե նույնիսկ պաշտոնական Երեւանը հրաժարվի Հայոց Ցեղասպանության հարցից, ապա Անկարան լիովին կվստահի Հայաստանին։

Թուրքի համար լավագույն հայը «այն միակ հայն է, որը կմնա աշխարհի երեսին, եւ այն էլ թանգսրանում»։ Այսինքն, անիմաստ ու զուր հույսեր են։ Այլ հարց, եթե օրինակ հայ-թուրքական հարաբերությունները օրինակ կարգավորվեն ռուսական պատրոնաժի հովանու ներքո, եւ Անկարան իրեն զուսպ պահի արդեն ռուսական գործոնից զգաստանալով։ Այլապես, Նիկոլ Փաշինյանը պետք է հիշի, թե ինչ եղավ Սիրիայի հետ, երբ այդ երկրի իշխող ընտանիքի՝ Ասադների հետ «ախպերություն» սկսեց անել Թուրքիայի նախագահ Թայիփ էրդողանը։

Իհարկե, նաեւ Փաշինյանը պետք է հիշի, թե ով փրկեց Սիրիան վերջնական կործանումից, եւ Ասադներին՝ Սադդամ Հյուսեյնի ճակատագրին արժանանալուց։ Գուցե մի փոքր սխալ է այս ասացվածքը օգտագործել, սակայն հայ-թուրքական հարաբերությունների մասով՝ «պետք է միշտ զենքը ձեռքին լիցքավորված-պատրաստ պահել»՝ անկախ դիվանագիտական ժպիտներից։