Թուրքիայի վրա ամերիկյան ճնշումները ուժեղանում...

Ըստ ռուսական լրատվամիջոցների փոխանցման, նախնական տեղեկություններով այս շաբաթվա ընթացքում, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը կմասնակցեն Թուրքիայում ռուսների կողմից կառուցվող «Աքույու» ատոմային էլեկտրակայանի հիմնական շինարարական փուլի մեկնարկի հանդիսավոր արարողությանը։ Մոսկվայում այս առնչությամբ նկատելիորեն ոգեւորված են։ Սա գնահատում են որպես Անկարայի կամային քայլը։

Օրեր առաջ էլ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էր ըստ էության քաղաքական աջակցություն հայտնել Անկարային, հայտարարելով, որ Թուրքիան այն քիչ երկրներից է, որոնք ինքնուրույն քաղաքականություն են ուզում վարել՝ առանց Միացյալ Նահանգների թելադրանքի։ Մոսկվայից եկող այս ոգեւորությունը հասկանալի է։ Նախ՝ մասշտաբային բազմամիլիարդանոց նախագծերը հնարավորություն են տալիս ռուսական բիզնեսին աշխատել դրսում եւ ապա, Թուրքիան եվրա-ատլանտյան տարածքի այն ծայրամասն է, որը այդ նույն տարածքում սկսել է ընկալվել որպես «սպիտակ ագռավ» եւ Թուրքիայում Մոսկվան ՆԱՏՕ-ում հասել է «ճեղքման»։

Ու մինչ «Աքույուի» հետ կապված հանդիսավոր միջոցառումը, Անկարան բավական հետաքրքիր քայլ է անում Ամերիկայի ուղղությամբ։ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Ղալընը «Bloomberg»-ի հետ հարցազրույցում անդրադարձ է կատարում թուրք-ամերիկյան հարաբերություններին եւ արծարծում նաեւ այդ հարաբերություններում հիմնական կռվախնձոր դարձած ռուսական Ս-400-ների թեման։ Նոր բան, կարելի է ասել, չկա, սակայն շեշտադրումները հետաքրքիր են այնքանով, որ Էրդողանը, կարծես թե իր խոսնակի բերանում հասկացնում է, որ Թուրքիայի վրա ամերիկյան ճնշումների ավելացումը, իսկ դրանք արդեն նկատելի են դառնում, կարող է բերել հակառակ էֆեկտի, ասել է, թե՝ Թուրքիային ավելի շատ նետել Մոսկվայի գիրկը։

Իբրահիմ Ղալընի խոսքը այլ կերպ չի էլ կարելի մեկնաբանել, որքան էլ դա համեմված լինի թուրքական պետության սուվերեն իրավունքի եւ այլնի մասին խոսակցություններով։ Պարզ է մի բան, որ Էրդողանը անհանգստացած է, որ Ամերիկայում Բայդենի վարչակազմի հետ իր հարաբերություններում բան չի ստացվում եւ ավելին վիճակը գնալով վատանում է եւ փորձում է ամեն դեպքում դեռ հուսալ, որ կարող է ինքնամատուցվել որպես ամերիկյան ինչ-ինչ շահերի սպասարկող։ Սակայն Ամերիկայում դա կգնահատեն թե ոչ՝ դժվար է ասել։ Բայդենի վարչակազմն օրինակ խափանել է թուրքական ռազմական արդյունաբերական համալիրի համար կարեւորագույն մի գործարք՝ «Ատակ» ուղղաթիռների մատակարարումը Պակիստանին։ Արդյունքում այդ տենդերը շարում են այլոք։ Սակայն զուգահեռաբար նաեւ՝ ասում է, որ Սիրիայում Անկարան եւ Վաշինգտոնն ունեն շահեր։

Բայց եվ, թուրքական մամուլում արդեն սկսել են լուրջ մտահոգություններ հնչել, որ Բայդենի վարչակազմը կսկսի հետաքննություն թուրքական «Հալքբանկի» հետ կապված եւ հնարավոր է մի քանի տասնյակ միլիոն դոլարով, առնվազն, տուգանի թուրքական այդ բանկին, կամ էլ հանի «Սվիֆթ» համակարգից, ինչը Էրդողանի համար չափազանց ծանր հարված կլինի։ Ըստ էության, թուքերի հետ ամերիկացիները նույն քաղաքական գիծն են որդեգրել, ինչ ռուսների հետ՝ այնտեղ որտեղ հնարավոր է համագործակցում են, իսկ ընդհանուր առմամբ՝ ճնշումների քաղաքականությունը շարունակվում է ողջ ծավալով՝ անկախ ամեն ինչից։