«Թուրքիան 60 զինվորական է ուղարկել Ադրբեջան....

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մշտադիտարկման կենտրոն ստեղծելու վերաբերյալ համաձայնագրերն իրականացվում են, և Թուրքիան այնտեղ է ուղարկել ռազմական անձնակազմի 60 ներկայացուցիչ: Այս մասին երեքշաբթի օրը թուրքական NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

«Այժմ մեր անձնակազմից 60 մարդ գտնվում է Ադրբեջանում: Կենտրոնի կառուցման վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվել երեք կողմերի միջև, մնում է լուծել մի շարք հարցեր` կապված շինարարության, անձնակազմի տեղակայման հետ: Մեր մարդիկ աշխատելու են ռուսների հետ միասին: Նրանց այնտեղ մնալու տևողության մասին մենք քննարկելու ենք ռուսական կողմի հետ, կրկին կքննարկենք այդ թեման»,-ասել է Աքարը: Նրա խոսքերով` աշխատանքները համատեղ ղեկավարելու են ռուս և թուրք գեներալները:

Նախարարը բացատրել է, որ Թուրքիայի զինված ուժերի 30-ից 60 ներկայացուցիչ անմիջական մասնակցություն կունենա Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության գործընթացին:

«Ռուսների հետ միասին նրանք ամեն ինչ անելու են հրադադարի ռեժիմի շարունակականությունն ապահովելու համար», - ասել է Աքարը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։