Թուրք-ադրեջանական համատեղ զորավարժության վտան...

Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, որոնք անցկացվելու են Ադրբեջանի մի շարք շրջաններում, ներառյալ նաեւ՝ Նախիջեւանում, զարմանալի աժիոտաժ են առաջացրել հատկապես Հայաստանում։ Ինտրիգն ավելի խորացել է, հատկապես այդ զորախաղերի ֆոնին Պուտին-Էրդողան հեռախոսազրույցից հետո։ Նույնիսկ բացահայտ է ասվում, որ Թուրքիան գրավել է Նախիջեւանը եւ այլն։ Իրականում, անցյալ տարի էլ Նախիջեւանում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ եղել են։ Եվ զարմանալու քիչ բան կա, եւ նաեւ Թուրքիային գերագնահատելու։ Թուրքիան այսօր, որքան էլ համարենք հզոր պետություն, այն վիճակում չէ, որ փորձի խախտել ռեգիոնալ քաղաքական բալանս, կամ աշխարհաքաղաքական մարտահրավեր նետել Ռուսաստանին, Հարավային Կովկասում ամրանալու հայտ ներկայացնելով։ Եթե Թուրքիան այդքանի ի վիճակի լիներ, ապա հիմա վաղուց Տավուշի սրացումն վերածված կլիներ լայնամասշտաբ պատերազմի, թուրքական կողմն էլ երկրորդ ճակատ կբացեր Նախիջեւանի հատվածում, եւ Լավրովն էլ մատ թափ չէր տա Թուրքիայի ուղղությամբ, ինչը որպես մեսիջ միանգամից որսացվեց եւ Անկարայում եւ հատկապես Բաքվում։ Թուրքիան այսօր ունի լրջագույն խնդիրներ հենց ինքն իր ներսում։ Նույնիսկ Այա-Սոֆիայի նամազը չի կարողանալու համախմբել թուրքական հասարակությանը, քանի որ մարտահրավեր է նետված աշխարհիկ Թուրքիային եւ Աթաթուրքի ժառանգությանը հանուն օսմանականության, իսկ Օսմանյան կայսրությունը, իր անցյալի ողջ փառքով հանդերձ, գոնե վերջին փուլում իր գոյության, թուրք ժողովրդի հավաքական հիշողության մեջ գամվել է որպես Մեհմեդ 6-րդ խամաճիկ սուլթանի կերպարով, իսկ այն ինչին հասել է Թուրքիան, դա հանրապետական կամ Աթաթուրքի աշխարհիկ Թուրքիայի ձեռքբերումն է։ Այսինքն թե՝ Էրդողանը սկսած գաղափարական դաշտից, ունի լուրջ բանավեճ իր երկրի ներսում, ու նաեւ՝ հարեւանների հետ էլ հարաբերությունները հարթ չեն։ Սիրիային, Իրաքին եւ Լիբիային չի կարող ավելանալ նաեւ Նախիջեւանը, քանի որ պարզապես հնարավոր չէ չորս ճակատով կռվել ու մարտահրավեր նետել մեկին, ով փրկել է կյանքդ ու աթոռդ եւ ում շնորհիվ կարող ես քո ավանդական հովանավորի գծից դուրս գալ եւ սկսել փոքր ինչ ինքնուրույն շնչել։ Չենք խոսում նաեւ տնտեսական խնդիրների, ԱՄՆ հետ ունեցած խնդիրների, քրդական գործոնի, իսլամական աշխարհի հետ ունեցած խնդիրների, համավարակի եւ այլնի մասին, որոնք ամեն մեկը մեկական սուր է կախված թուրքական պետության գլխին։ Սխալ է գերագնահատել Թուրքիային։ Այո, Թուրքիան հզոր պետություն է, սակայն Էրդողանի Թուրքիան այժմ իր ամենածաղկուն ժամանակները չէ, որ ապրում է։