Ծառուկյանը` ոսկոր իշխանության կոկորդում․ անսպ...

Երբ Հայաստանի գործող իշխանությունները սկսում էին արշավն ընդդեմ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի, թերեւս չէին էլ մտածում, որ հատկապես միջազգային հարթակում հնարավոր է կոշտ արձագանքների արժանանան նրանց ձեռնարկած կամ իրականացրած քայլերը։

Նրանք թերեւս չէին էլ մտածում, որ արդարադատության համակարգում դեռեւս կլինեն դատավորներ, ովքեր չեն կատարի քաղաքական պատվեր եւ կիրականացնեն արդարադատություն։ Քաղաքական կարճատեսությունը /եթե չասենք կուրությունը/ կամ իրական քաղաքականությունից գլուխ հանել չկարողանալը, թերեւս նրանց խանգարեցին հասկանալու, որ Հայաստանի սահմաններից դուրս ունեն բացարձակապես այլ հայացք իրերին, քան «ֆեյքերի ֆաբրիկայի» թողարկած «մտքի գոհարներով» կերակրվող «զոմբիների զանգվածն» է, եւ ռեալ իրական քաղաքականությունը շատ ավելի տարբեր է, քան «ֆեյսբուքյան լայվն» ու «շոումենությունը»։

Ամեն պարագայում, իշխանությունները պետք է հաշվի առնեին, որ դրսին առանձնապես չեն հետաքրքրում նիկոլապաշտ «ջուջուլակեր տոտաների» մոտեցումները եւ ի դեմս Ծառուկյանի, նրանք տեսնում են ա․ խոշոր, կայացած գործարարի, բիզնես աշխարհում ընդունված գործընկերոջ բ․ Հայաստանի քաղաքական ընդդիմության ղեկավարի։ Ու այս տեսակետից պատահական չեն նաեւ արձագանքները, որոնք այս օրերին հնչեցին միջազգային մամուլում եւ միջազգային քաղաքական խոշոր կառույցների կողմից։

Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Ռիչարդ Միլսոմի համար, օրինակ, ակնհայտ է, որ երկու տարի առաջ ավելի բաց երկիր կառուցելու հեռանկարը, որը բացեց Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ, արդեն անցյալ է, եւ «Կառավարությունն այսօր իր գործողություններով վտանգում է այն արժեքները, որոնք պաշտպանում էր հեղափոխությունը»։ Առավել պատկերավոր կերպով եվրոպական քաղաքական միտքը չէր կարող մնալով քաղաքավարության կանոնների շրջանակում արձանագրել, որ Փաշինյանի մոտ խոսքն ու գործը տրամագծորեն հակառակ բեւեռներում են գտնվում։

Այն, որ Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է արձանագրել, ինչը մտահոգիչ է, ֆիքսել է նաեւ Եվրոպայի ամենախոշոր քաղաքական ընտանիքի՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության ղեկավար Դոնալդ Տուսկը, ինչը նշանակում է, որ եվրոպական քաղաքական շրջանակներում արդեն Հայաստանի ղեկավարության հետ հնարավոր է շփվեն այնպես, ինչպես օրինակ կիսաբռնապետական երկրի իշխանության հետ։ Սա լրջագույն խնդիր է դառնալու։

Հետաքրքրական է, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ կատարվողը որպես քաղաքական հետապնդում իր հայտարարության տողատակում ակնարկում է նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքական հենարան համարվող «Եդինայա Ռոսիան», որտեղ դեռ 2008-ից իրենց գործընկեր ԲՀԿ-ի եւ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող արշավի ու հետապնդման մասին ասում են բառացիորեն հետեւյալը․ «Ժողովրդավարական պետություններին բնորոշ քաղաքական մրցակցությունը չի կարող իրականացվել ոչ իրավաչափ մեթոդներով»։

Խելամիտ իշխանությունն այսքանից հետո կանգ կառնի եւ կփորձի հասկանալ, թե ուր է գնում եւ արդյոք իրեն պետք է հանուն իշխանության ղեկին կանգնած մարդու անձնական քաղաքական շահի եւ քմահաճույքների, երկիրը վերածել միջազգային իզգոյի։ Բարեբախտաբար դատարանն իր մեջ ուժ գտավ գործադիրի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճնշումներին դիմակայելու եւ ԱԱԾ ներկայացրած միջնորդությունը Ծառուկյանին կալանավորելու մասին՝ մերժեց։ Սա ինչ խոսք հետաքրքիր եւ կարեւոր նախադեպ է ստեղծում եւ հույս ներշնչում, որ ամեն բան դեռ կորած չէ։