Ծառուկյանի բովանդակային ելույթին իշխանություն...

Երեկ տեղի ունեցավ  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի հրատապ նիստը, որը վարեց կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա հայտարարեց, որ երկրում ստեղծված իրավիճակը պարտադրել է այսօր հանդես գալ սթափ գնահատականներով և ներկայացնել ելքեր՝ ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման վերաբերյալ: Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ տարբեր ոլորտներում կառավարության վարած քաղաքականությանը՝ արձանագրելով, որ տնտեսության բոլոր ճյուղերը ձախողված են: ԲՀԿ նախագահը համախմբման կոչով դիմեց Հայաստանի, Սփյուռքի, Արցախի բոլոր կարող և առողջ ուժերին՝ նշելով, որ պատրաստ է անձամբ հանդիպել բոլոր առողջ քաղաքական ուժերի ներկայացուցիչների, երկրի ապագայով մտահոգ մտավորականների, գործիչների հետ՝ քննարկելու երկիրն այս իրավիճակից դուրս բերելու իրատեսական ծրագրերը: 

ԲՀԿ առաջնորդը հայտարարեց, որ կառավարության 100 տոկոս կազմը ձախողել է ժողովրդի կողմից իր վրա դրված առաջադրանքը։ Ծառուկյանը մտահոգություն հայտնեց, որ պետությունը լուրջ վտանգի առաջ է կանգնած և անհապաղ պետք է քայլեր ձեռնարկվեն։

Գագիկ Ծառուկյանի բովանդակային ելույթին, ինչպես և սպասելի էր, իշխանություններն արձագանքեցին մեղադրանքներով, սպառնալիքներով, որոնք որևէ կապ չունեին ԲՀԿ առաջնորդի ելույթի բովանդակության և հնչեցված մտահոգությունների հետ։

Իշխանությունները լավ են հասկանում Գագիկ Ծառուկյանի խոսքի կշիռը և հստակ գիտակցում են, որ այն արձագանք է գտնելու հանրության լայն շրջանակների մոտ։ Ու սա է պատճառը, որ իշխանությունները հիստերիկ նոպաների մեջ են ընկել։ Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչում են ամենազազրելի մեղադրանքները։ Քարոզչական այս արշավին միացել են բոլորը, անգամ ամենատարբեր վարչության պետերի վարորդները։

Իշխանության նման արձագանքն ավելի քան խոսուն է։ Նրանք լավ են հասկանում, որ Ծառուկյանը թիրախային ելույթ է ունեցել, թվարկել է խնդիրներ, որոնց համար առաջարկել է իրատեսական լուծումներ։ Ծառուկյանի առաջարկները միանշանակ լայն արձագանք են ստանալու, ու հիմա իշխանությունները, չունենալով բովանդակային պատասխաններ, անցել են իրենց հիմնական գործին՝ բանսարկությանը։