Տարադրամի փոխանակման կետում ավազակություն կատ...

Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգած տղամարդը հուլիսի 29-ին, ժամը 14.14-ին, հայտնել էր, որ Ամիրյան փողոցի 7/35 հասցեի վարկային կազմակերպությունում ավազակային հարձակում է եղել։

Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմը, օպերատիվ- քննչական խմբեր, դատախազության ծառայողներ, փորձաքրեագետներ ու հրշեջ փրկարարներ։

Նախնական տվյալներով՝ դիմակավորված երկու անձ մտել են տարադրամի փոխանակման կետ ու նռնակով սպառնալով՝ փող պահանջել։ Աշխատակիցը դիմադրել է, դիմակավորված անձինք էլ փախել են։ Նրանց հետապնդել է տարադրամի փոխանակման կետի տնօրենը, որին հաջողվել է Ամիրյան 13 հասցեի մոտ մեկին բռնել։

Խոսքը Էջմիածնում բնակվող 24-ամյա երիտասարդի մասին է, որը բերման է ենթարկվել Կենտրոնական բաժին։ Պարզվել է նրա հետ հանցագործությանը մասնակցած անձանց ինքնությունը՝ Էջմիածնի 27 և 32 տարեկան բնակիչներ: Նրանք նույն օրը Մաշտոցի պողոտայից բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։

Հանցագործության գործիք մարտական նռնակը հայտնաբերվել է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։