Սաուդյան Արաբիային և Հայաստանին միավորող գործ...

Երեկ՝ Հայաստանի անկախության օրվա աոիթով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլ Ազիզ ալ-Սաուդը։ Ըստ Saudi Press Agency պետական լրատվական գործակալության փոխանցման սաուդական միապետը նախագահ Սարգսյանին մաղթել է առողջություն եւ երջանկություն իսկ բարեկամ ժողովրդին եւ ՀՀ կառավարությանը՝ առաջընթաց եւ բարգավաճում։

Ինչ խոսք, ստանդարտ արարողակարգային շնորհավորանք է, որը կարելի էր եւ ուշադրության չարժանացնել, եթե չլիներ մի նյուանս՝ ով է շնորհավորողը, ավելի ճիշտ՝ որ երկիրն է շնորհավորողը։ Հիշեցնենք, Հայաստանն ու Սաուդյան Արաբիան չունեն դիվանագիտական հարաբերություններ։ Որքան հայտնի է, սաուդական միապետությունը չի ճանաչում Հայաստանը։ Մինչեւ 2017 թվականն էլ Սաուդյան Արաբիայի համար Հայաստանը համարվում էր ոչ բարեկամ երկիր։ Բանն այն է, որ ժամանակին, գոնե մինչեւ 2017 թվականի Քաթարյան ներարաբական ճգնաժամը, Էր-Ռիյադը չափազանց ջերմ հարաբերություններ ուներ Բաքվի եւ Անկարայի հետ․ սակայն այդ ճգնաժամից հետո սաուդցիները սկսեցին սառել թուրքերի հանդեպ, նույնիսկ դեմարշային քաղաքական գիծ որդեգրել։

Հիշեցնենք, որ Ստամբուլում սպանված սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուքջիի գործը Էրդողանը մինչեւ վերջին հյուլեն օգտագործեց՝ սաուդական գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալման ալ-Սաուդին սեւացնելու համար։ Այժմ Սաուդյան Արաբաին կարծես թե սկսում է հարաբերություններ կարգավորել Իսրայելի հետ, ի թիվս այլ Մերձավոր-Արեւելյան երկրների։ Սա դեմարշ քայլ է հատկապես Թուրքիայի դեմ։ Հայաստանը դեսպանատուն բացեց Թել-Ավիվում։ Հայաստանը մասնակցում է հակաթուրքական ճակատին՝ աջակցություն հայտնելով Հունաստանին եւ Կիպրոսին։ Սաուդցիները կարծես թե սկսում են վերաբերմունք փոխել Հայաստանի հանդեպ։ Հասկանալի է պայմանական ասած՝ ընդհանուր հակառակորդը մերձեցնում է նույնիսկ երեկվա՝ ոչ այնքան բարեկամներին։ Սաուդցիները կարեւոր ռեգիոնալ խաղացող են։

Երեւանը չի կարող իհարեկ ոտք մեկնել ու ռեգիոնալ քաղաքական կամ նույնիսկ աշխարհաքաղաքական ինտրիգների մեջ խրվել։ Մնում է հուսալ, որ թագավորական արյուն կրող անձի շնորհավորանքը, ով նաեւ աշխարհի ամենահարուստ երկրներից մեկի միապետն է ու մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը, գլխապտույտ չառաջացնի Հայաստանի գործող իշխանությունների մոտ։