Ռուսները որոշել են առայժմ «դանդաղ շտապել»՝ Փա...

Հայաստանյան մամուլում բավականին ակտիվորեն խոսվեց Մոսկվայում կայացած ռուս-հայ-ադրբեջանական բանակցությունների կամ խորհրդակցությունների մասին։

Պաշտոնական հաղորդագրությունից դատելով, լուրջ արդյունքներ չեն գրանցվել եւ ընդամենը կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները, ինչպես հավաստիացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Արդեն հայկական մեդիայում շրջանառվող հիմնական վարկածի համաձայն, բանակցություններում պետք է գերիների վերադարձի հարցը քննարկվեր։ Սակայն, ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը հերթական ձախողումն է արձանագրել։ Իհարկե, այստեղ շատ վարկածներ կարող են շրջանառվել, եւ բոլոր շրջանառվող վարկածներն էլ ունեն կենսունակության հավանականություն, սակայն պետք է արձանագրենք, որ հարցը կարող էր դրական լուծում ստանալ, եթե ռուսական կողմը բավական ջանքեր ներդներ։

Մոսկվայում բավականին խանդով են վերաբերվել Նիկոլ Փաշինյանի վերջին գործողություններին եւ հայտարարություններին։ Խոսքը մասնավորապես Փաշինյանի առաջարկած այսպես կոչված «հայ-ադրբեջանական փոխշահավետ պլանի» մասին է, ինչպես նաեւ Ֆրանսիա եւ Բելգիա այցելությունների եւ այնտեղ հնչեցրած հայտարարությունների, որոնք Մոսկվայում ընկալվել են որպես հակառուսական դրսեւորումներ։ Բանն այն է, որ Մոսկվայում իրապես մտավախություն ունեն, որ Արեւմուտքը ներկայացնող խաղաղապահները կարող են հայտնվել Սոթքից մինչեւ Խոզնավար, մի բան, որի համար պարարտ հիմքեր կարծես թե արդեն սկսել են նախապատրաստվել, գոնե, հաշվի առնելով եկող տարատեսակ ազդակները։

Բացի այդ, ռուսական կողմը կարծում է, որ եթե իրապես լուրջ ջանքեր գործադրի, եւ հասնի այն բանին, որ գերիների վերադարձի եւ նույնիսկ սահմանային հարցերը կարգավորվեն ի նպաստ Հայաստանի, ապա դա առնվազն երկու կերպ կմատուցվի, որոնցում իրենց կանտեսեն

• Նախ դա կդիտարկվի որպես Փաշինյանի «փայլուն տաղանդի» արդյունք 

• Դա կվերագրվի Արեւմտյան գործընկերներին, օրինակ Ֆրանսիային։

Եվ հետեւաբար, կարելի է ասել, որ ռուսները որոշել են, ամենայն հավանականությամբ, Հայաստանի համար նախընտրական այս շրջանում, երբ Փաշինյանը կենաց մահու պայքար է մղելու գոնե իր տեղը Հայաստանի քաղաքական երկնակամարում պահելու համար, չնպաստել նրա վարկանիշի բարելավմանը, որը առանց այն էլ օրըստօրե գտնվում է ողբալի վիճակում։ Այլ կերպ ասած, ռուսները որոշել են առայժմ «դանդաղ շտապել»՝ Փաշինյանին ծառայություն մատուցած չլինելու համար։