Ռուսների համար կարևոր է՝ Փաշինյանին իրենցից «...

Հայաստանի գործող իշխանություններն ամեն բան անում են, որպեսզի ցույց տան, որ Ռուսաստանի հետ ունեն լավ հարաբերություններ: Գործող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ ամեն անգամ Ռուսաստան գնալուց առաջ իր հսկողության տակ գտնվող մեդիա տիրույթում առաջացրած «փոթորիկներով» այնպիսի տպավորություն է ստեղծում, որ ինքն ու իր թիմը վայելում են Կրեմլի լիակատար վստահությունը: Սակայն իրականում իհարկե այդպես չէ, ու դա ունի բազմաթիվ ծանրակշիռ պատճառներ:

Խնդիրն իհարկե այն չէ, որ Փաշինյանն ընդդիմադիր եղած ժամանակ հակառուսական հայտարարություններ է արել, հանդես եկել Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս բերելու կոչերով, Ապրիլյան պատերազմը համարել ռուսների հրահրածը եւ ոչ էլ արդեն իշխանության եկած ժամանակ իրականացրած հակառուսական գործողություններով` ՀԱՊԿ այն ժամանակվա գլխավոր քարտուղար, գեներալ Յուրի Խաչատուրովի դեմ իրականացրած գործողություններով, ռուսական կապիտալով ընկերությունների դեմ իրականացրած գործողություններով Ղարաբաղյան վերջին պատերազմը ռուսների «դաբրոյի» հետ կապելով եւ այլն:

Ռուսաստանը շատ ավելի լուրջ պատճառներ ունի, որպեսզի Նիկոլ Փաշինյանին իրեն դաշնակից եւ իր համար ընդունելի գործիչ չհամարի: Բանն այն է, որ Մոսկվայում լավ են հասկանում, որ Նիկոլ Փաշինյանն այն գործիչն է, որը Հայաստանին ու Հայ ժողովրդին տարել է պարտության եւ դա հավիտենապես մնալու է պատմության մեջ ու հանդիսանալու է Փաշինյանի անեծքը ընդմիշտ: Միաժամանակ նաեւ, ռուսները հասկանում են, որ Հայ ժողովրդի մեծ մասը դեմ է Նիկոլ Փաշինյանին, իսկ այն հատվածն էլ հայաստանյան հասարակության, որ դեռ համակրանք ունի նրա հանդեպ, մի որոշ ժամանակ անց, ուշքի կգա: Մոսկվայում հստակ պատկերացնում են, որ Փաշինյանի հանդեպ ժողովրդի մերժողական վերաբերմունքը ամբողջական է, ու լիակատար, քանի որ Փաշինյանը սարսափելի ծանր մեղադրանքների է արժանանալու, ու չի դիմանալու պատմության դատին, եւ հանրությունը ոչ մի կերպ չի հանդուրժի նրան:

Կրեմլում ակնդետորեն հետեւել են Սյունիք Փաշինյանի այցի վերջին դեպքերին եւ հասկանում են, որ այն հայաստանցին, ով արդեն սթափվել է եւ մոլորության մեջ չէ, պարզապես գենետիկորեն է մերժում Փաշինյանին ու նրա տեսակին: Այս ամենը նկատի ունենալով, ռուսները ունեն լրջագույն խնդիր այժմ, որպեսզի հանկարծ այնպիսի տպավորություն չստացվի, որ Հայաստանին, Հայ ժողովրդին դավաճանած, ազգային երազանքները խորտակած, պատերազմում պարտության տարած, հայ ինքնության դեմ ցանկացած նեգատիվի սիմվոլ հանդիսացող Նիկոլ Փաշինյանը հանկարծ չընկալվի որպես իրենց դաշնակիցը: Հակառակ դեպքում, եթե հայ հասարակությունը այնպիսի համարում ունենա, որ Փաշինյանին համարի ռուսների համար ընդունելի, ռուսների աջակցությունը վայելող կերպար, դատելով նաեւ Մոսկվայից եկած, ու այդ մասին վկայող ազդակներից, ապա վստահաբար արդեն պարտության մեղադրանքների սլաքները ուղղվելու են նաեւ Ռուսաստանին եւ նաեւ ռուսական կողմի մեղավորության բաժինն էլ է բարձրաձայնվելու պարտության հարցում, իսկ ռուսները այս առումով կունենան լուրջ խնդիր, քանի որ հաստատ Կրեմլում չեն ուզենա ստանձնել հինգ հազարից ավել զոհի, ավելի քան տասը հազար հայ երիտասարդի զինհաշմանդամ դառնալու, հայրենակորստի համապատասխանատուն Նիկոլ Փաշինյանի հետ:

Հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում Ռուսաստանի համար օդ ու ջրի պես անհրաժեշտ է, որպեսզի ամեն կերպ ցույց տա, որ Փաշինյանն իրենց աջակցությունը չի վայելում: