Ռուսերենը պաշտոնականացնելով Արցախը իրավիճակյի...

Արցախում ռուսերենի պաշտոնականացումը բավական հակոտնյա կարծիքներ է առաջացրել։ Ոմանք կողմ են դրան, մյուսները քննադատում են։ Որպես կանոն քննադատողները հիմնվում են այն բանի վրա, որ այս նոր իրականության պայմաններում հնարավոր է վտանգվի արցախահայության հայերենի լեզվաիմացությունը, իսկ լեզուն ինքնության հիմնասյուներից է։ Ավելի սուր քննադատության սիրահարները փորձում են Արցախյան վերջին պատերազմում զոհված մեր զինվորների թափած արյունը այս որոշմամբ արժեզրկված դիտարկել։ Մինչդեռ իրականում ամեն բան ճիշտ հակառակն է։

Նախ, անկախ այն հանգամանքից, թե ինչ մտածումներ կան երեւանյան տաքուկ անկյուններում, պետք է արցախցուն ընտրության իրավունք տալ, սեփական ուժերի չափով սեփական կյանքն ու ապագան կառուցելու եւ նաեւ՝ ինքնուրույնաբար որոշելու, թե ինչ է անելու։

Եթե հարցին անդրադառնանք ավելի խորը, ապա ռուսերենը պաշտոնականացնելով Արցախը իրավիճակյին համահունչ ռազմավարական կարեւոր եւ ճիշտ որոշում է կայացրել։ Ինչու՞։ Որովհետեւ այս կերպ Արցախը անդամագրվում է ռուսական մեծ աշխարհին եւ հավելյալ անվտանգային երաշխիքներ ստանում, քանի որ Մոսկվայի համար ռուսերենը, ռուսական մշակույթը ամենից զգայուն հարցերն են եւ մաս են կազմում ռուսական այն աշխարհի, որը կառուցում է հիմա Ռուսաստանը որպես աշխարհաքաղաքական միջավայր։

Պատերազմից նոր նոր ուշքի եկող արցախցին այս քայլով փորձում է իր ֆիզիկական պարզ գոյության իրավունքն ամրագրել ավելի հաստատուն կերպով եւ կարելի է արցախցիներին նաեւ հասկանալ։

Միաժամանակ, այս կերպ իրականում արժեւորվում է հենց Արցախի համար բոլոր պատերազմներում զոհվածների սխրանքն ու կատարած գործը, որովհետեւ այժմ արդեն թուրք-ադրբեջանական տանդեմի համար հավելյալ բարդություն է ռուսերենը պաշտոնականացրած հանրույթի հանդեպ հոխորտանքը, որովհետեւ հակառակ կողում աշխարհաքաղաքական հիմնական այն ուժային կենտրոնն է, որը օդում, ջրում եւ ցամաքում ունի միջուկային զենք եւ պատրաստ է ամեն բան անել սեփական լեզվի հեղինակությունը եւ պատիվը եւ նաեւ այդ լեզուն կրողների իրավունքները պաշտպանելու համար։ Երեւանում հեշտ է խոսել, սակայն արցախցուն հասկանալու համար գոնե մի օր պետք էր ապրել պատերազմական այն դժոխքի մեջ, որը ապրեց արցախցին 44-օրյա պատերազմում։