Ռուսաստանի հետ մեր երկխոսությունը շարունակում...

Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները հիմնված են ընդհանուր շահերի և փոխադարձ հարգանքի վրա, և դրանց զարգացումը մնում է դրական: Այս մասին, ըստ ռուսական ТАСС լրատվական գործակալության, երեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն:

«Չնայած որոշ հարցերի առկայությանը, որոնց շուրջ մենք չենք կարողացել համաձայնության հասնել Ռուսաստանի հետ, մենք ձգտում ենք կենդանի երկխոսություն ծավալել և ընդհանուր հայտարարի գալ: Մեր երկխոսությունը շարունակում է շոշափելի արդյունքներ տալ, ինչպես դա եղավ Լեռնային Ղարաբաղում»:

Ըստ Թուրքիայի արտգործնախարարի՝ «Թուրքիան կշարունակի ապագայում նույնպես հավատարիմ մնալ Ռուսաստանի Դաշնության հետ այս ռազմավարական մոտեցմանը»:

Չավուշօղլուն նաև խոսել Թուրքիայի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալների մասին: Ըստ թուրք պաշտոնյայի՝ երկկողմ առևտրի ծավալը 2020թ.-ի առաջին 9 ամիսներին կազմել է 14 միլիարդ դոլար:

«Այնպիսի նախագծերը, ինչպիսիք են «Թուրքական հոսք» գազատարը, որը մենք գործարկել ենք հունվարի 8-ին, և «Աքքույու» ատոմակայանը, որտեղ մենք նպատակ ունենք գործարկել մեր առաջին ռեակտորը 2023 թվականին, մեր երկկողմ հարաբերությունների հիմնական գլխագրերն են: Սա ցույց է տալիս մեր երկկողմ հարաբերությունների մակարդակը », — նշել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության տվյալների համաձայն՝ 2020թ. 9 ամիսների ընթացքում Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտուրը կազմել է 14,5 միլիարդ դոլար, ինչը 25,77% -ով (5,058,301,454 դոլար) նվազել է՝ 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ: