Ռուսաստանի համար Հայաստանի ընտրությունների ել...

Հայաստանում սպասվող պառլամենտական ընտրությունները կարեւոր իրադարձություն են, անխոս, հայաստանյան հասարակության համար, սակայն դրանք պակաս հետաքրքրական չեն նաեւ արտաքին քաղաքական դաշտում՝ առնվազն մեր ռեգիոնում ներգրավված մեծ խաղացողների համար։ Հատկապես, որ այժմ Կովկասի վերաձեւում է կարծես թե ընթանում եւ աշխարհաքաղաքական եւ ռեգիոնալ-քաղաքական շահերի բախումն ավելի ակնհայտ է երեւում։ Այս համատեքստում բավական հետաքրքիր է Ռուսաստանի կեցվածքը։

Պաշտոնական Մոսկվան իհարկե արդեն հայտարարել է տարբեր առիթներով, որ Հայաստանում սպասվող ընտրությունները Հայաստանի ներքին գործն են, եւ Ռուսաստանը չի միջամտում այլ երկրների ներքաղաքական կյանքում տեղի ունեցող պրոցեսներին, սակայն ինչպես ասում են «Կրեմլը մի հատ է, բայց ունի բազմաթիվ աշտարակներ»։

Սա նկատի ունենալով կարեւոր ազդակ էր ռուսաստանաբնակ հայ մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովի հայտնի տելեգրամյան գրառումը, ըստ որի, վերջինս որոշել է այլեւս չանդրադառնալ Հայաստանի ներքաղաքական կյանքին եւ էլ գրառում չի անելու այդ թեմայով։

Գրառումն ինքնին հետաքրքիր է եւ շատ բան ասող։ Գաբրելյանովը արձանագրել է, որ արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունից հետո «բոլոր հաղթաթղթերն ընդդիմության ու Հայաստանի քաղաքացիների ձեռքում են: Բանակը նրանց կողմն է, էլիտաները փողով ու հնարավորություններով են: Եթե նույնիսկ հիմա նրանք չկարողանան դուրս շպրտել Նիկոլին, ապա էլիտաները պարզապես քաղաքական իմպոտենտ են ․․․ Ընտրությունները երեք ամսից են: Հայկական էլիտան, եթե հայրենասեր է ոչ թե խոսքով, այլ գործով, ապա եզակի հնարավորություն ունի վերակենդանացնել Հայաստանը: Էլիտան ամեն ինչ ունի դրա համար: Ընդդիմությանը մաղթում եմ հաղթանակ»:

Սա կարող է նշանակել մի բան․ կամ Ռուսաստանի համար ընտրությունների ելքը արդեն հասկանալի է եւ նույնիսկ սպասվող իրադարձությունների սցենարային զարգացումներն են արդեն նախանշված գծագրված եւ ամեն բան գնում է իր հունով, կամ Ռուսաստանում պատրաստ են նույնիսկ իրենց համար ամենից ոչ ցանկալի թեկնածուի հաղթանակի դեպքում նույնիսկ նրա հետ լեզու գտնել, հատկապես, որ Հայաստան ինչ ղեկավար էլ գա իշխանության կամ ինչ թիմ, մանեւրելու տարածք այլեւս չունի եւ ընդամենը հանձնարարություն կատարող է լինելու, եւ կամ էլ կա մի երրորդ պատճառ, որը առաջիկայում ոնց էլ լինի կպարզաջրվի։

Ամեն պարագայում, մերձկրեմլյան ազդեցիկ գործչի հայտարարությունը թե անսպասելի էր եւ թե չափազանց հետաքրքիր, ինտրիգային եւ բազմաթիվ «մեսիջներ» պարունակող։