Ռուս խաղաղապահները սկսել են ականազերծել Ստեփա...

ՌԴ ՊՆ Միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները շարունակում են աշխատանքը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում տեղանքի ինժեներական հետախուզման եւ ականազերծման ուղղությամբ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Օրվա ընթացքում ռուս խաղաղապահները պայթունավտանգ առարկաների մաքրման աշխատանքներ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի հարավային ծայրամասում գտնվող խոշոր տեղանքի տարածքում: Տեղանքի ինժեներասակրավորական հետազոտության ընթացքում հայտնաբերվել է 10 կասետային զինամթերք:

Հայտնաբերված պայթուցիկ օբյեկտները, թողնված կամ չպայթած զինամթերքը տեղափոխվում են հատուկ սարքավորված պոլիգոն եւ ոչնչացվում են: Զինամթերքը, որը հնարավոր չէ անվտանգ տարհանել, ոչնչացվում է տեղում` անհրաժեշտ անվտանգության միջոցառումների ապահովմամբ: Լեռնային Ղարաբաղում ինժեներական ստորաբաժանումների կողմից մաքրվել է ընդհանուր ավելի քան 45 հա տեղանք, ավելի քան 14 կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է ավելի քան 1120 պայթուցիկ առարկա:

Պատերազմից տուժած շրջաններում ռուս խաղաղապահների օգնությամբ շարունակվում է կենսական նշանակության ինժեներական հաղորդակցությունների վերականգնումը: Վերջին օրվա ընթացքում վերականգնվել է ավելի քան 2000 մետր էլեկտրահաղորդման գիծ, էլեկտրահաղորդման յոթ հենք, 1600 մետր գազատար, 1200 մետր կապի գիծ եւ մեկ տրանսֆորմատորային ենթակայան: