Քննարկվում է մասնավոր սեկտորի կողմից տրամադրվ...

Հայաստանի կառավարությունում շարունակում է գործել Սոցիալական և նյութական աջակցության շտաբ, որը համակարգում է Արցախում ռազմական գործողությունների հետևանքով առաջացած կարիքների ապահովման և սոցիալական աջակցության տրամադրման գործընթացը։

Պետական բյուջեի հաշվին մարզպետարանները գնումներ են սկսել՝ սնունդ և հիգիենիկ պարագաներ ձեռք բերելու նպատակով: Գնումներն իրականացվում են նախապես մշակված սննդային փաթեթներին համապատասխան:

Քննարկվում է նաև մասնավոր սեկտորի կողմից տրամադրված հյուրատների և հյուրանոցների կոմունալ ծախսերի փոխհատուցման հարցը, ինչպես նաև արցախցի մեր հայրենակիցներին սոցիալական աջակցության տրամադրման միջնաժամկետ ծրագիրը:

Բոլոր ծրագրերը շարունակում են իրականացվել միջգերատեսչական քննարկումների միջոցով, տեղական և միջազգային գործընկերների մասնակցությամբ և աջակցությամբ։ Նախագծերը և նախատեսվող միջոցառումները շահագրգիռ կողմերի հետ ևս կքննարկվեն առաջիկայում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անգնահատելի է համարում սոցիալական աջացության գործընթացում ակտիվ ներգրավված անհատ կամավորների, ՀԿ-ների և գործարարների դերը, և խրախուսում է շարունակել իրենց գործունեությունը՝ առավել համակարգված կերպով համագործակցելով համայնքների և պետական կառույցների հետ, որպեսզի Արցախից ժամանած մեր հայրենակիցների կարիքները հասցեական և արդյունավետ բավարարվեն այնքան ժամանակ, քանի դեռ դրա կարիք կա։

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ