Պուտինի սպառնալիքը Ալիևին․ Արցախը ՌԴ հովանու...

Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը ակտիվացնում է իր դերակատարումը  պատերազմական գործողությունները կանգնեցնելու գործում։ Թուրք-ադրբեջանական տանդեմը հրաժարվեց հետևել Մոսկվայում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածության պահանջներին, ինչը ստիպեց Ռուսաստանի իշխանություններին առավել առարկայական գնահատականներով հանդես գալ։

Դիվանագիտական դաշտում Ադրբեջանի սադրիչ գործողությունից հետո Մոսկվա հրավիրվեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Այս կերպ Ռուսաստանը ընդգծեց իր ռազմավարական-դաշնակցային Հարաբերությունները Հայաստանի հետ։ Այս ընթացքում ՌԴ-ն շարունակում է  Հայաստանի համար անհրաժեշտ անխափան մատակարարումները։

Երեկ հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն  ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) խմբակցության անդամ Վիտալի Միլոնովին։

Հանդիպումից հետո Միլոնովն իր Facebook–ի էջում գրել էր  Արցախի նախագահի հետ հանդիպման մասին` հույս հայտնելով, որ Արցախի երկինքը մոտ ժամանակներում պաշտպանված կլինի ադրբեջանական ագրեսիայից։

Ռուս պատգամավորի այս ակնարկից հետո մամուլում գրվեց, որ ՌԴ-ն գերժամանակակից ՀՕՊ համակարգ է բերել, որով կպաշտպանվի Արցախի երկինը։

Պետք է նկատել, որ «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ՌԴ Դումայում նախագահ Պուտինի քաղաքական հենարանն է։ Պարզ է, որ այս կուսակցության ներկայացուցիչը չէր կարող առանց Կրեմլի հավանության հայտնվել Արցախում, ավելին, չէր կարող պրոհայկական դիրքորոշում հայտնել։ Սա նշանակում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ակնարկում է Ադրբեջանին, որ Արցախը այլևս իր հովանու ներքո է, և ստանալու է ՌԴ-ից հնարավոր բոլոր միջոցները երկարատև պատերազմ վարելու համար։ Սա ուղիղ սպառնալիք է Ալիևի բռնապետությանը։ 

Ըստ էությանը Պուտինի սպառնալիքը թուրք-ադրբեջանական տանդեմը շատ լավ է հասկացել և սա է պատճառը, որ օրվա ավարտին Թուրքիայի նախագահ  Էրդողանը ընդունեց Ուկրաինայի նախագահ Զելենսկուն և հայտարարեց, որ Ղրիմը չի համարում ՌԴ մաս, իսկ Զելենսկին հայտարարել էր, որ Թուրքիան կօգնի իրենց վերադարձնել Ղրիմը։