Փորձում են ցույց տալ, որ ՀԱՊԿ-ը կենսունակ կառ...

Ինչպես եւ կարելի էր սպասել, քայլ առ քայլ իրավիճակը սկսում է լարվել, երբեմն էլ նաեւ սրացման երանգներ ստանալ Կենտրոնական Ասիայում։

Մի կողմից ղրղզա-տաջիկական սահմանային լարվածությունն է, մյուս կողմից՝ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերմամբ պայմանավորված՝ թալիբների եւ այլ խմբավորումների ակտիվացումը եւ այս ամենում ՀԱՊԿ-ի ներգրավվածությունը։ Սա հասկանալի է, որ բավական լավ մտածված գեոպոլիտիկ խաղ է, որը արդեն նպատակ ունի հետխորհրդային հերթական ռեգիոնում՝ Կենտրոնական Ասիայում ստեղծել թեժ օջախներ՝ Ռուսաստանի սահմաններին շատ մոտ հեռավորության վրա։

Մեզ համար իհարկե այս ողջ խառնաշփոթի մեջ ՀԱՊԿ ներգրավվածությունը, քանի որ մի կողմից Ղրղզստանը եւ Տաջիկստանը մեր դաշնակիցներն են ՀԱՊԿ-ի ուղղությամբ, մյուս կողմից՝ Տաջիկստանը Աֆղանստանում տեղի ունեցող խմորումների ֆոնին աջակցություն է խնդրել ՀԱՊԿ-ից եւ ՀԱՊԿ-ը կարծես թե բավարարում է այդ խնդրանքը։ Ամեն պարագայում, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ռուս այլ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից կարելի է դա հասկանալ։ Սակայն ամեն բան այնքան էլ միանշանակ չէ, որքան կարող է թվալ։

Գոնե ռուսական կողմի հայտարարություններից կարելի է հասկանալ նաեւ, որ ամեն կերպ փորձում են արժեւորել ՀԱՊԿ-ը, բարձրացնել վերջինիս հեղինակությունը, կենսունակություն հաղորդել այդ կառույցին, ցույց տալ, որ այն ռեալ գործող, եւ ռազմական լուրջ պոտենցիալ ունեցող կառույց է։ Սա հասկանալի քայլ է։ Սակայն, գոնե Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային լարվածության առնչությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի պահվածքը, նկատի ունենալով հայտնի ոչ հայանպաստ հայտարարությունը, արդեն ստվերում է կառույցի հեղինակությունը։

Մեղմ ասած՝ գոնե թուրք-ադրբեջանական տանդեմում, իսկ դա Կենտրոնական Ասիայի համար կարեւոր իրողություն է, հաշվի առնելով, որ նույն թուրքական նեոօսմանական ամբիցիաներում Կենտրոնական Ասիան եւս ներառված է համաթյուրքական աշխարհի մեջ, այս պահին ամրացած է այն գաղափարը, որ իրենց հաջողվել է «թաղել ՀԱՊԿ»-ին եւ հետեւաբար, հիմա, որքան էլ Լավրովը, կամ Պատրուշեւը, կամ Գերասիմովը խրոխտ հայտարարություններ անեն, գեներալ Զասի հայտարարությունը եւ ՀԱՊԿ-ի պահվածքը Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի առաջին պահից սկսած մինչեւ հիմա, տեղ չի թողնում, որպեսզի այդ կառույցը ընկալվի որպես կենսունակ կառույց, համարժեք ՆԱՏՕ-ին։

Ու այս դեպքում դեռ հարց է, թե Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար եղած ժամանակ քրեական հետապնդման ենթարկելն էր ավելի ստվերում ՀԱՊԿ-ի հեղինակությունը, թե Ստանիսլավ Զասի հայտնի ոչ հայանպաստ հայտարարություններն ու ՀԱՊԿ-ի պահվածքը 44-օրյա պատերազմում, որը մեկնաբանվեց որպես «ՀԱՊԿ-ի հուղարկավորություն»։