Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ֆրանսի...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Հանդիպմանը ներկա էր նաև Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ռաֆայել Ռոզանը: Այս մասին տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքը:

Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային դժվար ժամանակահատվածում Հայաստանի կողքին լինելու և հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար:

Ներկայացնելով Ադրբեջանի կողմից սեպտեմբերին սանձազերծված պատերազմի արդյունքում Արցախում ստեղծված իրավիճակը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդգծել է առկա հիմնական խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ կառավարության նախաձեռնած ծրագրերը:

Դեսպան Ժոնաթան Լաքոտը փոխվարչապետին հայտնել է Ֆրանսիայի պատրաստակամությունը շարունակելու համագործակցության խորացումը ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափով, և Հայաստանին ցուցաբերելու աջակցություն՝ մասնավորապես առողջապահության, շրջակա միջավայրի և ենթակառուցվածքների ոլորտներում:

Հանդիպման ընթացքում Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային ղեկավարը ներկայացրել է Հայաստանում իրականացվող ծրագրերն ու համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները: