Պետք է ջնջել այն նորմերը, որոնք նախագահի անգո...

Գործող Սահմանադրության տեքստից պետք է ջնջել բոլոր այն նորմերը, որոնք Հանրապետության նախագահի անգործության դեպքում վեճը լուծված են համարում «իրավունքի ուժով» կամ նախատեսում են դրան նման այլ կարգավորում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է գերմանաբնակ իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գոռ Հովհաննիսյանը, ով իր գրառումը վերնագրել է. «ՉԱՓԱԶԱՆՑ ԱՆհետաքրքիր ԻՐԱՎԱԳԻՏՈւԹՅՈւՆ»:

Նա, մասնավորապես, նշել է. «Օրինակ․

Երբ Նախագահը չի ստորագրում Ազգային ժողովի ընդունած օրենքը, ապա դրանից դժգոհ է, բնականաբար, Ազգային ժողովը, քանի որ Նախագահը թույլ չի տալիս, որ խորհրդարանի օրենքը մտնի ուժի մեջ ու գործի։ Չի բացառվում, որ նախագահի այդ անգործությամբ խախտվում է Ազգային ժողովի օրենսդրական իրավունքը (Սահմ․ 88-րդ հոդ․ 2-րդ մաս)։ Որովհետեւ քանի՞ կոպեկ արժի օրենք ընդունելու իրավունքը, եթե այդ օրենքը չի մտնելու ուժի մեջ ու չի դառնալու պարտադիր։ Հետեւաբար, վեճ է ծագում Նախագահի ու Ազգային ժողովի միջեւ։ Իսկ ո՞րն է վեճերի լուծման քաղաքակիրթ եղանակը։ Բնականաբար դատարան դիմելը սեփական իրավունքը խախտված համարողի կողմից։

Իսկ ի՞նչ լուծում է առաջարկում մեր Սահմանադրությունը։

Նա պահանջում է, որ Սահմանադրական դատարան դիմի Նախագահը !!! (Սահմ․ 129-րդ հոդ․ 1-ին մաս)։ Պատկերացնո՞ւմ եք, դատարան պիտի դիմի ոչ թե նա, ով իր իրավունքը խախտված է համարում (ԱԺ-ն), այլ ենթադրյալ խախտողը (Նախագահը)։ Իսկ եթե Նախագահը, այնուամենայնիվ, դատարան չի դիմում, ապա Ազգային ժողովն իրավունք է ստանում ինքնուրույն լուծելու նախագահի հետ իր վեճը !!!։ Հա, Ազգային ժողովը դառնում է ինքն իր գործով դատավոր ու բնականաբար վեճը լուծում է իր օգտին, այսինքն՝ ԱԺ նախագահը վերցնում ու Նախագահի փոխարեն ստորագրում ու հրապարակում է իր իսկ ընդունած օրենքը (Սահմ․ 129-րդ հոդ․ 3-րդ մաս)։ Արդար լուծում է, չէ՞։

Սահմանադրության այս մոտեցմամբ, նախ, խախտվում է այն ընդհանուր դատավարական սկզբունքը, որ դատարան դիմել կարելի է միայն շահագրգռություն ունենալու դեպքում։ Դատարան դիմողը պետք է կարողանա հիմնավորել, որ պատասխանողի գործողություններով կամ անգործությամբ խախտվել են իր իրավունքները։ Բայց օրենքը չստորագրող Նախագահը հեչ էլ իր իրավունքները խախտված չի համարում ու չի էլ կարող դատարանում նման բան պնդել։ Դա պիտի անի Ազգային ժողովը։

Երկրորդ՝ մինչեւ օրենքի հրապարակումը իրավաբանական իմաստով իրավանորմեր գոյություն չունեն։ Իրավանորմի գոյությունն սկսվում է ( = իրավանորմը ծնվում է) պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու պահից, որովհետեւ միայն այդ պահին է ավարտվում օրենսդրական գործընթացը (մանրամասն տես Հովհաննիսյան, Ընդհանուր իրավագիտություն, էջ 156-158)։ Հետեւաբար, մինչեւ օրենքի հրապարակումը Սահմանադրական դատարանը Նախագահի դիմումով չի կարող ստուգել գոյություն չունեցող բանի սահմանադրականությունը։ Այս մասին իմ դիտողությունները 2015-ին ներկայացրել եմ սահմանադրության փոփոխությունների հանձնաժողովին, բայց դրանք հաշվի չեն առնվել։

Բացի այդ, որեւէ իրավական ակտի ՆԱԽԱԳԾԻ սահմանադրակությունն ստուգելու հնարավորություն սահմանադիրը նախատեսել է միայն Սահմանադրության փոփոխությունների եւ հանրաքվեի դրվող ակտերի նախագծերի համար (Սահմ․ 168-րդ հոդ․ 2-րդ կետ)։ Թե ինչու է այս բացառությունը ճիշտ, հազար անգամ բացատրել եմ, այստեղ նորից չեմ գրի։ Սահմանադրական դատարանի լիազորություններն ՍՊԱՌԻՉ կերպով թվարկված են Սահմ․ 168-րդ հոդվածում։ Ու քանի որ սահմանադիրն իրավական ակտերի նախագծերի սահմանադրականության ստուգման հնարավորության մասին մտածել է ու դա չի նախատեսել Ազգային ժողովի կողմից ընդունվող օրենքների համար ( = սահմանադրի ՊԵՐՃԱԽՈՍ ԼՌՈւԹՅՈւՆ), ուստի Ազգային ժողովի կողմից ընդունվող օրենքի սահմանադրականության ստուգումն անթույլատրելի է նախքան Նախագահի կողմից դրա հրապարակումը։

Իսկ ո՞րն է այս հարցի ճիշտ լուծումը։ Ինքներդ արդեն վաղուց կռահել եք։ Եթե Նախագահը չի ստորագրում Ազգային ժողովի ընդունած օրենքը, ապա Ազգային ժողովն ինքը պիտի դիմի Սահմանադրական դատարան ընդդեմ Նախագահի անգործության (Սահմ․ 169-րդ հոդ․ 1-ին մասի 2-րդ կետ, 168-րդ հոդ․ 4-րդ կետ): Եթե ՍԴ-ն կորոշի, որ Նախագահի անգործությունը հակասահմանադրական է ու խախտում է ԱԺ-ի իրավունքը, ապա Նախագահը պարտավոր է ստորագրել ու հրապարակել օրենքը։ Եթե չէ, ապա օրենքն ուժի մեջ չի մտնում։

Ասվածը նույնությամբ վերաբերում է Նախագահի կողմից այլ ակտեր չստորագրելու որոշման արդյուքնում ծագող մյուս բոլոր վեճերին, որոնք ամեն օր մենք տեսնում ենք մեր պակտիկայում։ Ոչ թե պիտի «իրավունքի ուժով» ինչ-որ բան լինի, այլ պիտի դժգոհ կողմը դիմի Սահմանադրական դատարան։ Ու Սահմանադրական դատարանն ինքը պիտի որոշի, թե կոնկրետ վեճի դեպքում որն է այդ «իրավունքի ուժը»։ Բա Սահմանադրական դատարան ենք ստեղծել, որ վեճերը լուծվեն ինչ-որ «իրավունքի ուժո՞վ»։

Ո՞րն է Սահմանադրության այս թարս մոտեցման հիմնավորումը։ Ինչո՞ւ Նախագահի անգործության դեպքում դժգոհ կողմը չպիտի դիմի Սահմանադրական դատարան, այլ հարցը պիտի լուծվի իր օգտին՝ առանց դատարանի որոշման։