Պետական և համայնքային սեփականությունը վարձակա...

Ինչպես արդեն տեղեկացվել է, վերլուծության են ենթարկվել ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ իրականացված՝ համայնքային և պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի վարձակալության, ենթավարձակալության, օտարման գործընթացներում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների բացահայտման և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ 2019թ. հունվարից 1-ից մինչև 2020թ. հունիսի 30-նն ընկած ժամանակահատվածում իրականացված աշխատանքների արդյունքները:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ինչպես ՀՀ դատախազության, այնպես էլ քրեական հետապնդման մյուս մարմինների կողմից հետևողական քայլեր են իրականացվում այս բնույթի հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու, պետությանը և համայնքներին պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ:

Մասնավորապես՝ 2020թ. 1-ին կիսամյակի ընթացքում համայնքային և պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի վարձակալության, ենթավարձակալության, օտարման գործընթացներում կոռուպցիոն առերևույթ չարաշահումների վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների վարույթներում քննվող քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 49 անձի, ինչը շուրջ 32.5%-ով ավելի է 2019թ. ամբողջ տարվա (37 անձ) համեմատ:

Նշված 1.5 տարվա ընթացքում համայնքային և պետական սեփականության անշարժ գույքերի վարձակալության, ենթավարձակալության, օտարման գործընթացներում ենթադրյալ կոռուպցիոն տարատեսակ չարաշահումներ կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել, մասնավորապես՝ համայնքի 34 նախկին ղեկավարի, այդ թվում Երևանի 2 նախկին քաղաքապետ, համայնքի գործող 15 ղեկավարի, այդ թվում՝ Աբովյանի քաղաքապետ, 1-ական՝ պաշտպանության նախկին նախարարի, ՊԵԿ նախկին նախագահի, ՊԵԿ նախագահի նախկին տեղակալի, նախկին մարզպետի, ՀՀ ԿԱ կադաստրի ստորաբաժանման ղեկավարի, ՀՖՖ նախկին նախագահի, ԱԱԾ մարզային վարչության պետի, պետական ՓԲԸ տնօրենի, ՊՈԱԿ-ի տնօրենի, Երևանի քաղաքապետարանի վարչության պետի, մարզպետարանի վարչության պետի, բաժնի պետի, Երևանի քաղաքապետարանի վարչության պետի տեղակալի, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի, գլխավոր աուդիտորի, գնահատող փորձագետի, ինչպես նաև այդ չարաշահումներում առերևույթ ներգրավված 18 քաղաքացիների: 

Քրեական գործերի մեծ մասը գտնվում է նախաքննության փուլում, 2019թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. հունիսի 30-ը վերը նշված հանցագործությունների վերաբերյալ վարույթում գտնվող 5 քրեական գործ՝ 9 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

2020թ. 1-ին կիսամյակում դատարան ուղարկված  քրեական գործով 39 մլն ՀՀ դրամի չափով ներկայացվել է 1 քաղաքացիական հայց, իսկ ոչ արդարացնող հիմքով վարույթը կարճված մեկ քրեական գործով դատախազության կողմից դատարան է ներկայացվել 22մլն ՀՀ դրամի չափով քաղաքացիական հայց։

2019թ. ընթացքում ավարտված նյութերով և քրեական գործերով, ինչպես նաև մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված, ինչպես նաև նախաքննության փուլում գտնվող վերոնշյալ բնույթի քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 956 մլն դրամ, որից նախաքննության ընթացքում վերականգնվել է 70մլն ՀՀ դրամը։

Մինչդեռ 2020թ 1-ին կիսամյակում ավարտված նյութերով և քրեական գործերով, մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված, ինչպես նաև նախաքննության փուլում գտնվող վերոնշյալ բնույթի քրեական գործերով պարզվել է պետությանը և համայնքներին հանցագործությամբ պատճառված 1 մլրդ 423մլն ՀՀ դրամի վնաս, այսինքն ամբողջ 2019թ. համեմատ մոտ 49%-ով ավելի, որից վերականգնվել է 112 մլն ՀՀ դրամը կամ՝ 60%-ով ավելի:

Մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված վերոգրյալ  քրեական գործերից 1-ով 4 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ (հաստատվել է համայնքային սեփականություն հանդիսացած շուրջ 32 հա հողատարածք ձևական աճուրդով և կեղծիքներով օտարելու փաստը), որից հետո 2020թ. ՀՀ գլխավոր դատախազը առաջարկություն է ներկայացրել  ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարարին՝ այդ հողատարածքները համայնքին վերադարձնելու գործընթաց սկսելու համար։

Բացի այդ, վաղեմության ժամկետն անցնելու հիմքով վարույթը կարճված մեկ քրեական գործով ՀՀ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 2020թ. հայց է ներկայացվել դատարան՝ պետական սեփականություն հանդիսացող և ձևական աճուրդներով օտարված 55,88 հա հողատարածքների օտարման գործընթացը առոչինչ համարելու պահանջով։

Ապօրինի գործարքներն առոչինչ ճանաչելու, հանցավոր սխեմաներով օտարված բազմաթիվ գույքերն իրենց օրինական տիրոջը՝ պետությանը և համայնքներին վերադարձնելու, այդ նպատակով պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու կամ իրավասու մարմիններին՝ համայնքային ու պետական մարմիններին ուղղված՝ պետական շահերի պաշտպանության նմանատիպ հայցեր ներկայացնելու առաջարկություններով դիմելու նախաձեռնություններ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ձեռնարկվել են նաև նախաքննության և դատական քննության ընթացքում գտնվող, այսինքն դեռևս չավարտված բազմաթիվ գործերով, որոնց արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի դրանցով վերջնական արդյունքների ապահովմանը զուգընթաց: