Պերուի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պ...

Սեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետությունում Պերուի Հանրապետության նորանշանակ դեսպան Խուան Խենարո դել Կամպո Ռոդրիգեսն (նստավայրը՝ Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ Հայաստանը շահագրգռված է Պերուի հետ հարաբերությունների զարգացմամբ։

Իր հերթին Պերուի դեսպանը նշեց, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության խորացման համար կգործադրի առավելագույն ջանքերը:

Արմեն Ղևոնդյանը Խուան Խենարո դել Կամպո Ռոդրիգեսին ներկայացրեց 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակն ու կարևորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման հարցը` հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա:

Հանդիպմանը քննարկվեցին քաղաքական երկխոսության զարգացման, իրավապայմանագրային դաշտի ձևավորման, առևտրատնտեսական և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների: