«Փաստ». «Անցել են վիճակագրական վրձինին»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարության վերջին նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետական բյուջեի եկամուտները 2021 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով գերակատարվել են ավելի քան 22,6 միլիարդ դրամով: Տնտեսագետներն արդեն իսկ թերահավատ են նշյալ ցուցանիշի առումով: Սակայն հայտարարվածը խնդրահարույց ու կասկածելի է համարվում նաեւ ժամկետների առումով:

Մասնագետները տարակուսում են, թե ինչպես է հնարավոր եռամսյակային տվյալներ հրապարակել հաջորդ եռամսյակի առաջին իսկ օրը, եթե մարտի հաշվետվություններն ու ցուցանիշները ՎԿ ու ՊԵԿ պետք է ներկայացվեն ապրիլի ընթացքում: Պատահական չէ, որ տնտեսագետներից ոմանք այս հայտարարությունը «տեղավորեցին» ապրիլի 1-ի խորհուրդի ներքո:

Տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ առաջին անգամ չէ նման մոտեցում ցուցաբերվում՝ այն կայուն բնույթ ունի: «Քանի որ ցույց տալու իրական արդյունք չկա, փաստացի արդեն անցել են վիճակագրական վրձինին: Այսինքն, նկարում են այդ ամենը, եւ սա առաջին դեպքը չէ:

Նիկոլ Փաշինյանն, իր քաղաքական եւ անձնական շահագրգռությունից ելնելով, կառավարության նիստերի ժամանակ պարբերաբար նման հայտարարություններ է արել: Եվ նման հայտարարություններից հետո, ջանք ու եռանդ չխնայելով, վիճակագրական կոմիտեն փորձում է այդ ամենը վերածել վիճակագրական նկարչության ու հրապարակել այն: Օրինաչափություն է դարձել, երբ վիճակագրական պաշտոնական թվերից առաջ ընկնելով՝ փորձում են ինչ-որ ցուցանիշներ հայտարարել: Սա դառնում է պատվեր վիճակագրական կոմիտեին»,-ասաց Թ. Ավետիսյանը՝ շեշտելով, որ այդ թվերն իրական հիմքեր չունեն՝ հաշվի առնելով, որ մեր տնտեսությունն անկման մեջ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում