Պաշտպանները հրաժարվեցին օրենքից չբխող պահանջի...

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Այսօրվա դատական նիստին շարունակվում է քննարկվել ամբաստանյալների գույքի վրա դրված կալանքը վերացնելու հարցը։ Դատարանը պաշտպաններից պահանջել էր ներկայացնել կալանքի տակ գտնվող գույքի արժեքը։

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը դատարանում ասաց, որ իրենք հրաժարվում են ներկայացնել գույքի արժեքը ներկայացնող փաստաթղթեր, քանի որ այդ պահանջի հասցեատերն իրենք չեն․ «Դատարանը պաշտպանական կողմի վրա է դրել կալանքի տակ դրված գույքի արժեքը հիմնավորելու պարտականությունը, նման պարտականություն պաշտպանական կողմը չի կրում»։

Ալումյանը, ներկայացնելով պաշտպանական կողմի դիրքորոշումը, նշեց, որ 07.06. 2019թ․ որոշմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմամբ, արձանագրել էր Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը, միաժամանակ, նույն որոշմամբ, դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը վերացնելու և քննիչին վարույթից հեռացնելու մասին պահանջները՝ պատճառաբանությամբ, որ մինչդատական վարույթի ավարտված լինելու պարագայում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով դիմողի իրավունքների պաշտպանությունը կարող է իրականացվել միայն նրա իրավունքների խախտումն արձանագրելով և առանց այն վերացնելու վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը սահմանելու։