Փաշինյանը ունի Ծառուկյանի աջակցության կարիքը

Կորոնավիրուսային համավարակը իր բերած տնտեսական տեւական ճգնաժամով, որը համեմատելի է, ըստ մասնագետների նույնիսկ ԱՄՆ Մեծ Դեպրեսիայի ժամանակների հետ, ներքաղաքական լարվածությունը, Հանրապետության ներսում սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնց մեծ մասը այդպես էլ մնում է անլուծելի, եւ արտաքին ճակատում ստեղծված բավական բարդ վիճակը, հատկապես Լավրովի հայտնի հայտարարություններից հետո, իշխանությանը դրել է բավական ծանր իրավիճակում, երբ նյարդերը այլեւս կարծես թե անզոր են դիմակայել եւ նույնիսկ իշխանական բուրգի ներսում սրվել են բուրգի առանձին թեւերի հարաբերությունները։

Այս ամենը բերել է նրան, որ պարզ է դառնում արդեն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեծ հաշվով այլեւս չի հաջողվում վերահսկել իրադրությունը կամ այն պահել կառավարելիության շրջանակներում, քանի որ կենտրոնախույս տրամադրությունները եւ գործադիրում են եւ օրենսդիրի իշխանական ֆրակցիայում։ Իրավիճակը կամաց կամաց մոտենում է պայթյունավտանգության մակարդակին, իսկ պայթյունը կարող է արժենալ Փաշինյանի համար իշխանության կորուստ, քանի որ հատկապես ներիշխանական գզվռտոցների դեպքում նրա համար շատ բարդ է պահպանել բալանսը, քանի որ հեղափոխությունը ի սկզբանե փայատիրական էր ու ինքը պարզապես առաջինն է հավասարների մեջ։ Ստեղծված իրավիճակում իշխանությունը, իսկ ավելի կոնկրետ՝ գործող վարչապետն ունի երկու ճանապարհ, կամ անցնել կոշտ ռեպրեսիաների, կամ էլ փորձել առաջ գնալ համերաշխության ճանապարհով։ Ռեպրեսիաների ճանապարհն այնքան էլ արդյունավետ չի կարող լինել, որովհետեւ Հայաստանը ամենեւին էլ ինքնաբավ պետություն չէ, եւ ռեպրեսիաները կարող են հատկապես եվրոպական եւ ամերիկյան կառույցների կողմից քննադատության արժանանալ եւ հանգեցնել ոչ նպաստավոր իրավիճակների։

Մնում է համերաշխությունը։ Սա նաեւ կարեւոր է Հանրապետությունում ընդհանուր մթնոլորտի լարվածությունը լիցքաթափելու համար։ Եթե Փաշինյանն իրոք ուզում է պատմության մեջ մնալ որպես Հայաստանի համար ինչ որ բան արած վարչապետ, բացի իշխանափոխությանը, ապա պետք է պատրաստ լինի կլոր սեղանի շուրջ նստելու քաղաքական ուժերի հետ, բիզնեսի ներկայացուցիչների հետ, տարբեր էլիտաների հետ՝ ընդհուպ մինչեւ մշակույթ եւ արվեստ։

Քաղաքական եւ բիզնես շրջանակների հետ կլոր սեղանն ապահովելու համար Փաշինյանի վստահաբար կունենա Գագիկ Ծառուկյանի աջակցության կարիքը, քանի որ Ծառուկյանը այս պահին Հայաստանի մեծահարուստների այն եզակի ներկայացուցիչներից է, ով ընդունված է հետսովետական տարածքի էլիտաների կողմից եւ վստահություն է վայելում նաեւ ռեգիոնալ բիզնես վերնախավային շրջանակների մոտ։ Երեսնամյա քաղաքական գործունեության փորձով եւ հոտառությամբ, սա թերեւս հասկանում է նաեւ Փաշինյանը։

Նա նաեւ հասկանում է, որ համերաշխության մթնոլորտը եւ գործակցությունը Փաշինյանի հետ նախ բավական լուրջ ընդդիմադիր զանգվածի կարող է իր հանդեպ պահել լոյալության վիճակում, բացի այդ, դրականորեն կարող է ազդել այն նաեւ ռեգիոնալ ինտեգրացիոն միավորներում իր հեղինակության եւ համբավի վրա։ Բացի այդ է, հնարավոր է ներդրումային լուրջ հոսք։ Արտակարգ դրության ավարտին մնացել է երկու շաբաթ եւ այս երկու շաբաթը բավարար է, որպեսզի Փաշինյանը ծանրութեթեւ անի ու հասկանա, որ արտակարգ դրությունից հետո իրավիճակն ավելի է ծանրանալու տնտեսական առումով, եւ անհնար է լինելու առաջ գնալ, առանց համերաշխության։