Փաշինյանը մեծ մոլորության մեջ է․ թուրք-ադրբեջ...

Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքերը բավական մտածելու եւ տարակուսանքի առիթ են տալիս։ Օրինակ անհասկանալի է նրա ելույթի ընդհանուր տրամաբանությունը, մեսիջները, շեշտադրումները։ Տպավորություն է, որ «օվերտոնյան պատուհան» է բացում առաջիկայում թուրք-ադրբեջանական տանդեմի հետ՝ հայտնի տերմինով ասած՝ «քիրվայության»։

Զարմանալի է, օրինակ, որ Փաշինյանը կարծում է, որ «Հայաստանի տեւական շրջափակումը Հայաստանին օտարել է տարածաշրջանից»։ Սա ուղիղ իմաստով նշանակում է համաձայնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արտահայտած այն մտքի հետ, որ Բաքուն արել է ամեն ինչ, որպեսզի Հայաստանին մեկուսացնի ռեգիոնալ նախագծերից։ Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ «Ալիեւը հասել է իր նպատակին»։

Մինչդեռ Հայաստանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին կրկին շրջափակման մեջ է եղել, բայց տնտեսական այնպիսի արդյունքների է հասել, որը դեռ գերազանցված չէ 1991-2021 թթ համար։

Կամ անհասկանալի է, թե ինչ նկատի ունի Փաշինյանը, երբ ասում է․ «Պետք է կարողանանք գնահատել Հայաստանի դիրքը, դիրքորոշումը և մոտեցումը, թե ինչպես ենք նոր մարտահրավերներին դիմակայելու, և ինչ հնարավորություններ կան, որոնք պետք է օգտագործվեն Հայաստանի և Արցախի կայուն և բնականոն զարգացման համար»։

Ո՞ր դիրքորոշումն է ուզում ճիշտ գնահատել Հայաստանի վարչապետը, որպեսզի հնարավոր լինի օգտագործել այն հնարավորությունները, որոնք Հարավային Կովկասում նոր իրականության պայմաններում բացվել են Հայաստանի համար։ Կամ ընդհանրապես ի՞նչ նոր հնարավորությունների մասին է նա ակնարկում։ Եթե նկատի ունի, որ Հայաստանը պետք է օրինակ հրաժարվի Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցից, որպեսզի կարգավորի հարաբերությունները Թուրքիայի հետ, ու բացվեն սահմանները, ապա թող հավատացած լինի, որ դրանով որեւէ հարց չի լուծի Հայաստանի համար, եթե միայն կօտարացնի Հայ ժողովրդի 2/3-րդին Հայաստանից, որովհետեւ Սփյուռքը շարունակում է մնալ պահանջատեր եւ Հայաստանը պահանջատիրությունից հրաժարվելով, իրեն կհեռացնի Սփյուռքից։

Ընդհանրապես Հայաստանի գործող վարչապետը շատ առաջ է ընկնում դեպքերից ու զարգացումներից եւ շտապում է, երեւի չիմանալով, թե ու՞ր կամ ինչու՞։ Բազմիցս ասել ենք, կրկնում ենք եւս մեկ անգամ․ Հայաստանի հետ Թուրքիայի սահմանի բացումը ոչ այնքան Հայաստանի լուծելիք հարցն է, որքան Ռուսաստանի, որովհետեւ մեծ քաղաքականությունում Հայաստան չկա, կա Ռուսաստան, որը Հարավային Կովկասում ունի իր ենթակայության տակ գտնվող պետական կազմավորում, ի դեմս Հայաստանի, որը եւ օգտագործում է հարկ եղած դեպքում, ըստ իր շահերի։

Ու եթե Փաշինյանի մտքում կա թուրք-ադրբեջանական տանդեմի հետ քիրվայությամբ Հայաստանում իրականացնել այն, ինչ Վրաստանում արեց Սահակաշվիլին, ապա էլի մոլորության մեջ է, որովհետեւ հիմա ամեն բան չափազանց տարբեր է, քան այն ժամանակներում, երբ Սահակաշվիլին արեց Վրաստանի դուրս բերումն ռուսական գծից եւ ինտեգրումը Արեւմուտքին, որը ռեալ պոլիտիկի առումով, ընդամենը Վրաստանը թուրք-ադրբեջանական ֆինանսական հրեշի գիրքը նետել էր նշանակում։