Փաշինյանի նպատակը ռուսներին նսեմացնելն էր․ չպ...

Երեկ 1in.am լրատվական կայքը հրապարակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Նվեր Մնացականյանի ունեցած հարցազրույցը։ Հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ըստ էության փորձեց հերթական սկանդալային «արտահոսքը» կազմակերպել, հայտարարելով, որ Հայաստանի ունեցած, ռուսների կողմից տրված «Իսկանդեր»-ները արդյունավետ չեն գործել։ Ավելին, կամ չեն պայթել, կամ 10 տոկոսով են պայթել։ Հարցազրույցի ժամանակ, մասնավորապես, Նվեր Մնացականյանը Փաշինյանին հարցնում է ավելի վաղ՝ Սերժ Սարգսյանի արած հայտարարության մասին առ այն, որ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կրակել:

Ի պատասխան էլ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է, որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»: Նվեր Մնացականյանը հետաքրքրվել է՝ այդպե՞ս էլ է լինում, վարչապետը նշել է. «Չգիտեմ»։

Լրագրողը նկատել է՝ «հետաքրքիր նորություն էր»: «80-ականների զե՞նք էր գուցե»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Դատելով մեջբերված հատվածից, կարող ենք ասել, որ Հայաստանի վարչապետը հերթական էժանագին մանիպուլյացիան է անում, Արցախյան 44-օրյա պատերազմում կրած պարտության համար սեփական մեղքը այժմ էլ ռուսական զենքերի վրա բարդելով։ Ինչպես ասում են՝ «լավ պարողին երաժշտությունն է խանգարում»։

Փաշինյանն իրականում լավ էլ հասկանում է, որ միջին մակարդակի որեւէ ռազմական փորձագետ կարող է իր այս հայտարարությունը քանդ ու քարափ անել։ Սակայն ամեն դեպքում նա գնում է ռիսկի, փորձելով սկանդալային հայտարարության առաջին տպավորության վրա խաղալով ինչ որ դիվիդենդներ շահել։

Իհարկե, այս հայտարարության համար դեռ ռուսներն էլ հանդես կգան հայտարարությամբ, ամենայն հավանականությամբ, հասկացնելով, որ «լավ պարողին երաժշտությունը չէր կարողանա խանգարել», որքան էլ այդ երաժշտությունը վատը լիներ, բայց ամեն դեպքում, ուշագրավ է այն, որ հայտարարությունը արվում է նախ՝ արեւմտամետների «որջի» վերածված, ինքն իրեն անկախ պատգամավոր համարող, բայց իշխանությունների ասպանդակ պահողի առաքելությունը ստանձնած ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի 1in.am-ում եւ ապա՝ հայտարարությունը արվում է փետրվարի 23-ին, որը Ռուսաստանում Հայրենիքի պաշտպանի օրն է՝ պետական տոն։

Հասկանալի է, չէ, որ կա միտում վիրավորելու ռուսական կողմին՝ իր բանակի տոնի օրը իր սպառազինութանը նսեմացնելու փորձ կատարելով։ Իհարկե, այս հայտարարությունը դժվար թե ազդի ռուսական սպառազինությունների վաճառքի ծավալների վրա, որովհետեւ Փաշինյանին աշխարհում լուրջ ընդունող մարդ չկա, սակայն ինչպես հին իմաստուն խոսքն է ասում՝ «մուկը իրենից մի բան չի ներկայացնում, բայց ընկնելով թանի կարասը, այն հարամում է»։