Պառակտված ընդդիմությունը լավագույն նվերն է Փա...

Ռազմական դրության դադարեցումն, ըստ էության, քայլ էր, որը պետք է ամրապնդեր հանրության մոտ այն միտքը, որը հունիսի 20-ին անպայման լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Սա իհարկե կարելի է համարել ներքաղաքական կյանքում որպես անկյունադարձային իրադարձություն։ Մինչ այդ, երկար ու ձիգ շաբաթներ շարունակ ընդդիմությունը պայքարում էր իշխանության դեմ, պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, սակայն ապարդյուն։ Արտահերթ ընտրություններն էլ անցկացվում են ոչ այդքան փողոցային պայքար մղող ընդդիմության գործադրած ճնշման արդյունքում, որքան պառլամենտում ներկայացված կուսակցությունների եւ դաշինքների միջկուսակցական գործարքի, նաեւ՝ գուցե թե՝ արտաքին խաղացողների պահանջով պայմանավորված։ Ասել է, թե՝ ընդդիմությունն իր առջեւ դրած խնդիրը չկարողացավ լուծել։

Ընդդիմության անհաջողությունն, իհարկե, Փաշինյանի հաղթանակը չէ, որովհետեւ, եթե նույնիսկ այդպես մտածողներ էլ կան, ապա դա Պյուռոսյան հաղթանակ է ընդամենը, քանի որ մեծ հաշվով պարտվում է Հայաստանը։ Ու հիմա, կարծես թե, ամեն բան մի կողմ է դրվել ու բոլորը ամեն բան մոռացած պատրաստվում են արտահերթ ընտրությունների։

Հետաքրքրական է այն, որ այս շրջանում պատերազմում պարտություն կրած իշխանությունը կոնսոլիդացվում է, հասկանալի է գոյության պահպանման բնազդն է գործում, իսկ ընդդիմությունը կարծես թե բռնել է պառակտման ուղին։ Սա մեղմ ասած անթույլատրելի է։ Եթե ընդդիմությունն ուզում է սեփական ձեռքով կրակի իր իսկ քունքից, ապա պետք է պառակվման ուղին բռնի։

Ըմդդիմադիրները պետք է հասկանան, որ եթե իրենց համար միավորողը ընդհանուր քաղաքական հակառակորդն է, ի դեմս գործող իշխանությունների, ապա կարող են լուրջ կամ նույնիսկ վճռական արդյունքների հասնել միայն միասնական ճակատով պայքարելով, նաեւ՝ միասնական ճակատով մասնակցելով ընտրություններին, այլապես զատ զատ, ընդամենը փոշիացնում են իրենց ունեցած մարդկային ռեսուրսները, մինչդեռ միասնաբար եթե հանդես գան, ապա գործող իշխանություններից դժգոհ բոլոր ուժերին կարող են միավորել հասարակության դժգոհ զանգվածին էլ ներգրավել ու հասնել կարեւոր ձեռքբերումների, առնվազն՝ թույլ չտալով երկրի հետագա կազմաքանդումը սահմանադրական ճանապարհով հաղթելով ընտրություններում։

Սա պարզ ճշմարտություն է, ապացուցված «ավելի մասին» հայտնի ժողովրդական առակով, որը միասնության անհրաժեշտության մասին է։ Իսկ եթե ընդդիմությունը վերածվի «կարապի, խեցգետնի եւ գայլաձկան» առակի, ապա արանքում կփոշիանա առնվազն 150 հազար ձայն, եւ դա կլինի լավագույն նվերը գործող իշխանությունների համար։