Օրենքն առերեւույթ հակասում է Սահմանադրությանը...

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) եւ հարակից օրենքները Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2021թ. մարտի 22-ին:

Այս առնչությամբ ՀՀ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ,

«Հանրապետության նախագահը Օրենքը քննարկել է արդարադատության նախարարի, Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովի նախագահի հետ եւ ստացել նրանց պարզաբանումները: Օրենքը քննարկվել է նաեւ ԲԴԽ նախագահի, իրավաբան գիտնականների, փորձագետների եւ փաստաբանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, լսվել են նրանց նկատառումներն ու մտահոգությունները:

Հանրապետության նախագահը մեծապես կարեւորում է դատաիրավական ո ոլորտում բարեփոխումները եւ գտնում է, որ դրանք պետք է կատարվեն համակարգային ձեւով՝ հստակ ռազմավարության հիման վրա՝ ընդհանուր տեսլականի շրջանակում: Այդ տեսլականը եւ ռազմավարությունը պետք է հիմնված լինեն գործնականում առկա եւ իսկապես արդիական խնդիրների, փորձագիտական ուսումնասիրությունների եւ միջազգային փորձի լուրջ վերլուծության վրա, առաջարկեն համակարգային եւ տրամաբանորեն փոխկապակցված լուծումներ՝ ուղղված դատական համակարգի դերի եւ գործունեության արդյունավետության բարձրացմանը, արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացմանը, ինչպես նաեւ դատավորների անկախության ու անձեռնմխելիության երաշխիքների ամրապնդմանը:

Օրենքով առաջարկվող կարգավորումներն իրավիճակային են եւ առերեւույթ խնդրահարույց իրավական որոշակիության, համաչափության, իշխանությունների տարանջատման, ինչպես նաեւ դատական իշխանության անկախության սահմանադրական սկզբունքներին եւ պահանջներին համապատասխանելու տեսանկյունից:

Ելնելով վերոհիշյալից եւ ամփոփելով փորձագիտական եզրակացությունները՝ կարելի է եզրահանգել, որ Օրենքը առերեւույթ հակասում է Սահմանադրությանը, ուստի Հանրապետության նախագահը որոշել է դիմել Սահմանադրական դատարան «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի եւ հարակից օրենքների՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: