Նոր կանոնները ներքաղաքական դաշտը Հայաստանում...

Ինչպես եւ սպասելի էր, արտակարգ դրությունը Հայաստանի տարածքում երկարաձգվեց եւս մեկ ամսով, սակայն որոշ սահմանափակումներ, որոնք ունեն տնտեսական եւ քաղաքական բաղադրիչներ, հանվեցին կամ մեղմացվեցին։ Ուշագրավ է հատկապես այն, որ նոր որոշումով այլեւս կարելի է իրականացնել հանրահավաքներ եւ ցույցեր, սակայն պայմանով, որ մասնակիցները կրեն դիմակներ եւ բացի այդ պահպանվի 1,5 մետր սոցիալական հեռավորությունը։

Սա թերեւս այն սահմանափակումն էր, որն ուներ քաղաքական բաղադրիչ, եւ որի հետ կապված կար բավական սուր բանավեճ, թե արդյոք արտակարգ դրությունը իշխանությունների կողմից չի օգտագործվում քաղաքական ընդդիմախոսների բերանները փակ պահելու համար։

Հիշեցնենք, որ սրա հետ կապված նաեւ միջազգային փաստաթղթեր ընդունվեցին, որով ըստ ամենայնի վերականգնեց համավարակով պայմանավորված արտակարդ դրության պայմաններում մարդու եւ քաղաքացու անհամաձայնությունը կամ դժգոհությունը արտահայտելու օրինական իրավունքն ու այն իրացնելու գործիքակազմը։

Իհարկե որոշման մեջ այն դրվագը, որով պետք է պահպանել 1,5 մետր հեռավորություն եւ դիմակ կրել, կարող է իշխանության ձեռքին ծառայել որպես գործիք, ցանկացած հանրահավաքի դեպքում սանտիմետրն առնել ու չափել 1,5 մետրերը, սակայն ամեն դեպքում, հասկանալի է, որ իշխանությունը, որքան էլ չուզելով, սակայն որոշեց նահանջել։

Ի դեպ, համավարակի սկզբում, երբ արտակարգ դրությունը նոր էր սահմանվում, արգելք կար սահմանված նաեւ լրատվամիջոցների հետ կապված, եւ իրավապահները ամբողջ ուժով փորձում էին ճնշել մամուլին, մինչեւ կրկին դրսի ճնշման ներքո իշխանությունը դժկամությամբ, սակայն անխուսափելիորեն չնահանջեց եւ չվերացրեց այդ արգելքը։

Նոր կանոնները ներքաղաքական դաշտը Հայաստանում դարձնում են ավելի հետաքրքիր եւ աշխույժ։ Նախ, քաղաքական աշնան մասով, երբ կարծես թե լուծվելու է Ամուլսարի եւ Ստամբուլյան կոնվենցիայի հարցերը, այլեւս իշխանությունները չեն ունենալու հասարակությանը ճնշելու գործիք ի դեմս արտակարգ դրության եւ երկրորդ, այն փողոցը, որով իշխանության էր եկել ներկա իշխանությունը եւ փորձում էր կես տարի շարունակ բռնազավթած պահել, կարելի է ասել, ազատագրվեց ու կրկին փողոցը դարձավ քաղաքական գործընթացների բաղադրիչ։