Նիկոլ Փաշինյանը Շուշիում հանդիպե՞լ է Իլհամ Ալ...

Նույնիսկ ոլորտի ոչ մասնագետը զուտ օրվա լրահոսին հետեւելով կարող է հասկանալ, որ սկսած Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Շուշիում երդմնակալության արարողության իրադարձության պահից, Բաքուն բավական ակտիվություն է սկսել ցուցաբերել Ղարաբաղյան կարգավորման հարցում։ Թե ինչով է դա պայմանավորված դժվար է ասել։ Սակայն, այն, որ ակտիվացումը կա, դա անվիճելի փաստ է։

Վերջին ապացույցը ադրբեջանական մամուլում արդեն մի քանի որ շրջանառվող մի նյութ է, որտեղ այսպես կոչված «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավար, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, ԵԽԽՎ ադրբեջանական պատիվրակության անդամ Թուրալ Գյանջալիեւը հայերենով դիմում է արցախահայությանը, կոչ անելով խաղաղության եւ խաղաղ համակեցության։ Ինքնին հասկանալի է, որ Բաքվի քարոզչամեքենայի հերթական տրյուկն է, սակայն հետաքրքրական է, ոչ այնքան Գյանջալիեւի հայտարարության բովանդակությունը, որքան դրա առկայության փաստը։

Մասնագիտական շրջանակներում շրջանառվող կարծիքի համաձայն, Բաքուն նման կերպ իրեն դրսեւորում է, երբ ինչ որ բանի է նախապատրաստվում։ Կոնկրետ ինչի, դեռ դժվար է ասել։ Հնարավոր է առաջիկա սրացման, հնարավոր է դիվանագիտական-քաղաքական հերթական շախմատային քայլին։ Ամեն դեպքում, ակնհայտ է, որ Բաքուն ինչ որ բանից անհանգիստ է եւ նույնիսկ փորձում է ինչ որ պրոցեսներ արագացնել։

Օրեր առաջ ռուսալեզու մամուլում հրապարակվեց, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը մասնակցել են նաեւ լեզգիական մի շարժման ներկայացուցիչներ, որոնք պայքարում են Իլհամ Ալիեւի ռեժիմի դեմ եւ ունեն անկախական նկրտումներ։

Հասկանալի է, որ Շուշի նրանք կարող էին գնալ միայն Երեւանով, եւ միայն Հայաստանի իշխանությունների թույլտվությամբ։ Ուստի այստեղ հարց է առաջանում, իսկ Նիկոլ Փաշինյանը արդյոք հանդիպե՞լ է Իլհամ Ալիեւի վարչակարգի դեմ պայքարող լեզգիական շարժման ներկայացուցիչների հետ, եւ ի՞նչ է քննարկել։

Եվ երկրորդ, արդյոք Բաքուն այս այցի մասին իմանալով չէ, որ սկսել է ակտիվանալ եւ անհանգստության նշաններ ցույց տալ, քանի որ Հայաստանի վրայով Արցախ մեկնել է մի պատվիրակություն, որը, եթե առանց էմոցիաների խոսենք, ձգտում է «Ադրբեջանը պայթեցնել ներսից»։ Բացի այս, որքանով ճիշտ հաշվարկված քայլ է եղել նման այցի արտոնություն տալը, եւ արդյոք դրանով բանակցությունները չեն դրվի հարվածի տակ։ Իհարկե լավ է նման հանդիպումը, եւ այն, որ Ադրբեջանի ներսից պայթեցումը կարող է առհասարակ փոխել կլիման Հարավային Կովկասում, սակայն շատ կարեւոր է լինել առավելագույնս զգուշավոր։