Ներքաղաքական լարվածությունը Հայաստանում դեռ կ...

 Լարված գիշերվանից հետո բացվող օրը բավական ինտրիգային սկսվեց։ Նախ հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը այն մասին, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ազատվում է զբաղեցրած պաշտոնից՝ իրավունքի ուժով։ Հայտարարության մեջ ներկայացվում է Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին ՀՀ վարչապետի՝ նախագահին ներկայացված առաջարկը, ինչպես նաեւ նախագահի արձագանքը եւ դրանից բխող օրենսդրական կարգավորումները։

Հայաստանյան իրավաբանական համայնքում այս առնչությամբ արդեն մի քանի օր է բանավեճ է ծավալվում եւ մի մասը պնդում է, որ Օնիկ Հասպարյանը իրավունքի ուժով կարող է հեռացվել, մյուսը մասը պնդում է, որ ոչ։ Ու մինչ այդ բանավեճը կշարունակվեր, հայտարարությամբ հանդես եկավ հենց Օնիկ Գասպարյանը, որով նախ կարծես թե ընդունեց, որ հեռանում է ԳՇ պետի պաշտոնից, եւ ապա ասաց, որ շարունակելու է ծառայել Հայրենիքին այլ ֆորմատով, ինչը նշանակում է, որ մտնում է ներքաղաքական կյանք։ Թե ինչ է լինելու հետո, մեղմ ասած՝ դեռ անորոշ է։

Սակայն, հասկանալի է, որ վերջին օրերին բանակի հետ կապված լարվածությունը կարծես թե հանգուցալուծվում է։ Հետաքրքրական է այն, թե քաղաքականություն ինչ կերպ է մտնելու Օնիկ Գասպարյանը՝ դառնալու է գործող անձ՝ քաղաքական գործոն Ռոբերտ Քոչարյանի պես, թե կուսակցություն է ստեղծելու կամ էլ համագործակցելու է եղածների հետ։ Ամեն պարագայում, կարող ենք արձանագրել՝ ռազմական հեղաշրջման փորձի մասին Նիկոլ Փաշինյանի աղմկարարությունը վերջացավ, /ի դեպ՝ Պետդեպն այդպես էլ չհամարեց, որ Հայաստանում ռազմական հեղաշրջման մասին խոսակցությունը, որը սկսել էր Փաշինյանը, հավաստի է/։

Կարծես թե ամեն բան վերադարձավ «ի շրջանս յուր»․ հարազատ դարձած իշխանությունն ու ընդդիմությունը շարունակելու են արդեն զուտ քաղաքական պայքարը․ իշխանությունն իհարկե այս ամենից դասեր կքաղի եւ զվելի զգուշավոր կլինի բանակի հարցում, որովհետեւ հաջորդ անգամ գուցե այսքան քաղաքավարի չլինի բանակը գործադիրի հանդեպ։ Ընդդիմությունն էլ ստիպված է արդեն կողմնորոշվելու, թե որն է իր անելիքը, քանի որ պարզ հասկացվեց որ հաստատ գեներալիտետը իշխանությունը չէր վերցնելու Նիկոլ Փաշինյանից եւ նվիրելու դիցուք Վազգեն Մանուկյանին։ Ամեն դեպքում՝ լարվածությունը դեռ կշարունակվի։