Նախագահը ստորագրել է արտակարգ դրությանը փոխար...

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքները և հարակից 5 օրենքները:

Նախագահի աշխատակազմից միաժամանակ հայտնում են, որ Արմեն Սարգսյանը կարևոր է համարում բնակչության պաշտպանության և սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով օրենքների ընդունմամբ առաջարկվող նոր կարգավորումները, ինչպես նաև ընդգծում է նոր կարգավորումների բարեխիղճ և բարձր պատասխանատվությամբ կիրառման անհրաժեշտությունը:

«Օրենքների կիրարկման ընթացքում պետք է երաշխավորվեն յուրաքանչյուր անձի անձնական տվյալների, ներառյալ բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների, արդյունավետ պաշտպանության իրավունքը և դրա իրացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի սահմանումը, անձի տեղեկատվություն փնտրելու և ստանալու, հավաքների կազմակերպման սահմանադրական իրավունքների անհամաչափ սահմանափակման բացառումը, յուրաքանչյուր անձի իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը:

Օրենքներով նախատեսված միջոցառումները պետք է իրականացվեն համաչափ և հստակ. այդ նպատակով առաջարկում ենք, անհրաժեշտության դեպքում, ընդունել լրացուցիչ օրենսդրական և ենթաօրենսդրական իրավակարգավորումներ», - ասված է նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ: