Մտահոգություններ` Սիրիայից Հայաստանի դեմ ուղա...

Թուրքիան առաջիկա օրերին պատրաստվում է սիրիական ընդդիմության մաս կազմող Սիրիայի ազատ բանակի զինված խմբավորումների գրոհայինների ուղարկել Ադրբեջան՝ Հայաստանի դեմ ռազմական գործողություններում ադրբեջանական բանակին աջակցելու նպատակով, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է քրդական Firat լրատվական գործակալությունը:

Ըստ աղբյուրի տվյալների՝ այդ նպատակով սիրիական Ջենջերիս, Ռաջու և Աֆրին քաղաքներում վարձկանների հավաքագրման կետեր են բացվել: Գրոհայինների հետ 6 ամիս ժամկետով է պայմանագիր կնքվելու՝ երկարաձգելու հեռանկարով, իսկ վարձատրությունն ամսական կկազմի 3500 դոլար:

Այս տեղեկատվությունը ակտիվորեն տարածում են ռուսալեզու աղբյուրները, որն էլ անհանգստության առիթ է դարձել հայ հանրության շրջանում։  Սիրիայի պատերազմում հմտացած պրոթուրքական ահաբեկիչները մարդակերի համաբավ ունեն ու բնական է, որ շատերի համար անհանգստացնող պետք է լինի նրանց ներկայությունը Հայաստանի սահմանին։

Ընդունելով տեղեկատվության կարևորությունը` փորձենք վերլուծել և հասկանալ, թե որքանով է հավանական Սիրիայում Թուրքիային աջակցող գրոհայինների տեղափոխումը Ադրբեջանի տարածք։

Սկզբնաղբյուրի հնարավոր մոտիվը․

Նախ նկատենք, որ սկզբնաղբյուրը քրդական լրատվական է։ Այս գործակալությունը քրդական տեղեկատվական պատերազմի լոկոմոտիվն է։ Պետք է նկատենք, որ քրդերը մշտապես փորձել են ստանալ հայության և Հայաստանի ակտիվ աջակցությունը։ Այս պահին, քանի որ չկան հստակ փաստեր գրոհայինների տեղափոխման մասին, ապա կարող ենք տեղեկատվությունը դիտարկել հենց այս տեսանկյունից՝ քրդերը ցանկանում են Հայաստանին և հայկական սփյուռքին դրդել, որպեսզի նրանք ակտիվ աջակցեն քրդերին, մարդկանց, ովքեր կարող են «կանգնեցնել» գրահայինների տեղափոխումը։

Թուրքիայի ցանկությունն ու հնարավորությունը․

Քրդական աղբյուրը նկատում է, որ Թուրքիան գրոհայիններ պետք է ուղարկի Ջենջերիս, Ռաջու և Աֆրին քաղաքներից։ Նշված քաղաքները հիմնականում բնակեցված են քրդերով։ Թուրքիան այս բնակավայրերն իր ենթակայության տակ է վերցրել նախորդ տարի սկսված ռազմական գործողությունների արդյունքում։ Այս բնակավայրերը ստրատեգիական նշանակություն ունեն Թուրքիայի համար։ Այս իմաստով դժվար է պատկերացնել, որ Թուրքիան կթուլանցի այս շրջանների պաշտպանությունը և գրոհայիններ կուղարկի Ադրբեջան։ Եթե անգամ լինի այդ աջակցությունը, ապա դա չի կարող լինել նշանակալի չափի խմբավորում։ Թուրքիան աշխարհաքաղաքական մեծ ճնշումների պայմաններում է գրավել Աֆրինը ու բնական է, որ իրեն թույլ չի տա թուլացնել այս հատվածի պաշտպանությունը։ Թուրքիայում վստահաբար կա գիտակցումը, որ Աֆրինի պաշտպանության թուլացման դեպքում քրդերը կփորձեն հետ գրավել այն, իսկ եթե քրդերին դա հաջողվի, ապա Թուրքիան չի կարողա նույն գետը երկրորդ անգամ մտնել ու նորից դեմ դուրս գալով աշխարհին այն վերցնի քրդերի ձեռքից։

Պետք է նաև հաշվի առնել, որ Ադրբեջանի բանակը այս պահին մարդկային ռեսուրսի խնդիր չունի։ Նա կարող է նման աջակցության կարիք ունենալ, երբ Հայաստանի դեմ լայնածավալ և տևական պատերազմ նախաձեռնի։ Այս փուլում, փոքր գործողությունների նպատակով Ադրբեջանի համար ռիսկային է Սիրիայից գրոհայինների ներգրավումը (նրանք աշխարհի շատ պետությունների կողմից ճանաչվում են, որպես ահաբեկիչներ), եթե նման փաստ բացահայտվի, ապա նա լուրջ խնդիրներ կունենա, որպես պետություն, որն իր հարևանների դեմ ահաբեկիչների է գործի դնում։

Ռուսական կողմի շահագրգռվածությունը․

Ռուսական լրատվականաների, այդ թվում պետական գործակալությունների կողմից այս տեղեկատվության լայն տարածումը ևս իր նպատակներն ունի, ըստ ամենայնի ռուսները փորձում են Հայստանի իշխանություններին մտահոգել այս տեղեկություններով։ Գրոհայինների մասին տեղեկատվության տարածումը նշանակում է, որ Ադրբեջանի կողմից գործին խառնվում է իր մեծ եղբայրը՝ Թուրքիան, ինչը պետք է դրդի Հայստանին դիմել իր «մեծ եղբորը»` Ռուսաստանին։ Ելնելով հայ-ռուսական բարդ հարաբերություններից այդ օգնությունը կգա միայն Հայաստանի կողմից կարևորագույն որևէ հարցով զիջման գնալուց հետո։

Պետք է նկատել, որ Սիրիայից գրոհայինների տեղափոխման լուրից առաջ ռուսական  առաջատար մեդիաներն ու ՌԴ իշխանությունների խոսափողներից մեկը՝ Մարգարիտա Սիմոնյանը փորձում էին ստեղծել տեղեկատվական ֆոն, որ Հայաստանը Ռուսաստանի օգնության կարիքն ունի։

Հիշեցնենք, որ երեկ Սիմոնյանը գրառում էր արել և դիմել Հայաստանի իշխանություններին․«․․․Վերջին տարիներին Ռուսաստանի նկատմամբ ցուցաբերած բոլոր չար ու խեղդող արհամարհանքներից հետո, արդյոք ձեր տեղեկատվական զորքերը և ինքներդ համարո՞ւմ եք, որ իրավունք ունեք սպասել օգնության»,-գրել էր Սիմոնյանը:

Մարգարիտա Սիմոնյանին երեկ միացավ ռուսական «Գազետա» պարբերականը։ Հրապարակված հոդվածներից մեկում պարբերականը պնդում է, որ Փաշինյանը մեկնելով Մինսկ օգնություն է ակնկալել Ռուսաստանից։ Պարբերականը հիշատակում է Հայաստանի իշխանությունների իրականացրած ոչ ռուսահաճո քայլերը և նկատում, որ այս պարագայում Ռուսաստանը հեռու է պահում իրեն կոնֆլիկտից, որպեսզի չվնասի Ադրբեջանի հետ հարաբերությունները։

Ամփոփելով կարող ենք փաստել, որ Հայաստանի իշխանությունները պետք է այս տեղեկատվությունը չընդունեն, որպես միանշանակ ու պետք է փորձեն սեփական ուղիղ կապերի միջոցով պարզել, թե որքանո՞վ է հավաստի այդ տեղեկատվությունը, Թուրքիան ի՞նչ ուժեր կարող է կուտակել և ուղարկել Հայաստանի սահման և արդյո՞ք ուղարկվող խմբավորումը քանակով և մարտական պատրաստվածությաբ կարող է մտահոգել Հայաստանին, որ անհրաժեշտություն կառաջանա դիմել Ռուսաստանի ռազմական աջակցությանը։

Բորիս Մուրազի