Մոսկվան ու Բաքուն կհայտնվեն բարիկադի նույն կո...

Թուրքիայի կողմից Սեւ ծովում գազի պաշարների հայտնաբերումը, ինչպես նկատում են մասնագետները, կարող է բավական հետաքրքիր ռեգիոնալ քաղաքական խաղի սկիզբ դառնալ, որը որքան էլ ինտրիգային է, նույնքան էլ կարող է վտանգավոր լինել ռեգիոնի համար։ Մասնավորապես, ակնկալվում է, որ Անկարան կսկսի վերանայել իր գազային մատակարարումների պայմանագրերը ինչպես Ռուսաստանի հետ, այնպես էլ Ադրբեջանի հետ։

Եթե իրականում գազային պաշարները հայտնաբերվել են եւ դա պարզապես հերթական քարոզչական հնարքը չէ, ապա թուրքական BOTAS ընկերությունն այդպիսով հավելյալ լծակներ է ստանում ավելի լավ պայմաններով մատակարարումներ ունենալու համար։

Խոսքը վերաբերում է գործարքների՝ հատկապես գնագոյացման բաղադրիչին։ Արդեն հաջորդ տարի, ըստ էության, այդ փոփոխությունների առաջին ծիծեռնակների ականատեսը կարող են դառնալ, քանի որ հաջորդ տարի լրանում է ադրբեջանական «ՍՕԿԱՐ»-ի հետ Անկարայի ունեցած պայմանագրի գործողության ժամկետը եւ նոր պայմանագրի կամ եղածի թարմացման համար լինելու են բանակցություններ։ Սա որոշակիորեն կարող է փոխել ռուս-թուրքական եւ թուրք-ադրբեջանական հարաբերությունների բովանդակությունը եւ նաեւ փոփոխություն մտցնել ռուս-ադրբեջանական հարաբերությունների բովանդակության մեջ։

Եթե Մոսկվան եւ Բաքուն սկսեն կորցնել թուրքական գազային շուկան, ապա ամեն ինչ կանեն, որպեսզի դա տեղի չունենա, եւ այդ կերպ Մոսկվան ու Բաքուն կհայտնվեն բարիկադի նույն կողմում։

Այսինքն, թե՝ նրանց հարաբերություններում սպասելի է դրական տեղաշարժ։ Սա իր հերթին հղի է հակահայկական խաղաքարտի խաղարկմամբ, քանի որ ներկայումս Բաքուն բավական հավակնություններ ունի Մոսկվայի հանդեպ եւ առիթը բաց չի թողնի, որպեսզի կարողանա հակահայկական խաղաքարտը գործարկել։

Մյուս կողմից, Մոսկվան իր հերթին կփորձի հայկական գործոնը աշխատեցնել ընդդեմ Անկարայի, թեկուզեւ միջնորդավորված կամ չերեւացող կերպով, թուլացնելու համար Անկարայի դիրքերը հատկապես՝ Հարավային Կովկասում։ Ստացվում է, որ Հայաստանը ակամա կարող է հայտնվել հետաքրքիր, ինտրիգային եւ բավական վտանգավոր խոշոր խաղի մեջ, որի առանցքը էներգետիկ ոլորտն է, իր բոլոր ածանցյալներով։