Մոսկվան Արմեն Սարգսյանի արցունքներին չի հավատ...

Նախօրեին Հայաստանի «անգլիական թագուհի» Արմեն Սարգսյանի այցը հայ-թուրքական սահման եւ խրոխտ լուսանկարումը հայկական եւ ռուսական դրոշների ներքո, բավական հետաքրքիր էր, Հայաստանում այս օրերին տիրող հակառուսական հիստերիկ պոռթկումների ֆոնին, որոնք չեն շրջանցել նույնիսկ նախկինների ժամանակ տաքուկ աշխատող որոշ մեդիայի ներկայացուցիչների։

Հատկապես ուշագրավ էր պաշտոնական հայտարարության հետեւյալ հատվածը․ «Նախագահ Սարգսյանը նշել է, որ պետական սահմանին ծածանվող Հայաստանի և Ռուսաստանի պետական դրոշները փոխվստահության վրա հիմնված մեր բարեկամական և դաշնակցային հարաբերությունների խորհրդանիշն են»։

Շատերը կարծում են, որ Արմեն Սարգսյանը հերթական անգամ գնացել է Նիկոլ Փաշինյանի «մխտռածները» ջրելու, եթե հաշվի ենք առնում, որ Նավալնուն Հ1-ով ցուցադրելը անձամբ Փաշինյանի կարգադրությունն է եղել՝ իջեցված իր քաղաքական կամիկաձեի միջոցով։ Մեկ այլ վարկածի համաձայն, Արմեն Սարգսյանը փորձում է ինքն իրեն առանձնացնել հակառուսական հիստերիային անմնացորդ տրված իշխանություններից եւ հասկացնել Մոսկվային, որ ինքը «պուպուշն» է ավելի քան «քըխ ու փիս» նավալնիասերները։

Երեւի ռուսական եւ հայկական դրոշների գույներով «կուլիչներ» էլ թխեր սահմանին ռուսական զորակայանի զինվորականների համար, սակայն ավաղ, պայմանները թույլ չեն տվել կարծես թե։

Սակայն կա նաեւ մեկ այլ տարբերակ։ Հնարավոր է, որ Փաշինյանը, հասկանալով, որ հայ-ռուսական հարաբերություններում քիչ է, թե վերջնական տանուլ է տվել, եւ հիմա էլ իշխանության թողած դատարկ տեղը լրացվում է ընդդիմության կողմից հայ ռուսական հարաբերությունների մասով, պայմանավորված խաղ է սկսել եւ իր մոտ Հանրապետության նախագահ աշխատող Արմեն Սարգսյանին բերել է առաջին պլան, որպեսզի ռուսական կողմի եւ հայաստանյան ընդդիմության միջեւ սեպ խրի։

Սա կարելի է համարել Փաշինյանի վերջին հույսերից մեկը, որը ըստ ամենայնի սխալ հաշվարկի վրա է հիմնված, քանի որ ռուսները գնահատում են ժամանակի բովով անցած բարեկամությունը եւ բացի այդ, ռուսները լավ գիտեն, որ հակառուսական գիծը Հայաստանում առաջ են տանում եվրա-ատլանտյան շահերը ներկայացնող ուժերը, որոնց շարքին է դասվում նաեւ «անգլիական թագուհու» համարում ունեցող Արմեն Սարգսյանը։