Մեթյու Բրայզան Արցախի խնդրի մասին աղմկահարուց...

Օրերս, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին բավական աղմկոտ հայտարարությամբ էր հանդես եկել ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան կողմը ներկայացնող նախկին համանախագահ, Ադրբեջանում ամերիկյան նախկին դեսպան Մեթյու Բրայզան։ Ադրբեջանական հեռուստատեսության եթերում նա մասնավորապես ասել էր, որ ԵԱՀԿ ՄԽ-ն ներկայումս ստեղծված պայմաններում չի կարող իրականացնել իր միջնորդական առաքելությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացքում։

Եվ որպես հետեւանք այս իրականության, Բրայզան նկատել էր, որ «որ ստեղծված վակուումը լցնում են Ռուսաստանը հայկական կողմից, եւ Թուրքիան՝ ադրբեջնական կողմից։ Ներկայումս մենք տեսնում ենք, որ Մինսկի խումբը դուրս է մնացել բանակցային պրոցեսից։ Հնարավոր է մեծ նախաձեռնողականություն են ցուցաբերում Ռուսաստանն ու Թուրքիան»։

Սա ինչ խոսք, հետաքրքիր «անկեղծացում» էր Ղարաբաղյան կարգավորման թղթածրարին բավական լավ տիրապետող նախկին դիվանագետի կողմից։ Ինքնին հասկանալի է, որ Ադրբեջանը այժմ իրեն հասանելի բոլոր միջոցներով փորձում է այնպիսի կարծիք ձեւավորել, ըստ որի՝ Մինսկի խումբը ձախողել է իր աշխատանքը եւ կարիք կա եռանախագահության ֆորմատում փոփոխություն կամ լրացում կատարելու։ Այս ֆոնի վրա Բրայզայի հայտարարությունը կարելի է նույնիսկ համարել սպասված։ Սակայն մյուս կողմից, այս հայտարարությունն հետաքրքիր ինտոնացիա է ստանում, Մոսկվայում տեղի ունեցած ՌԴ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման եւ այդ հանդիպման ֆոնին՝ Թուրքիայի պաշտպանության նախարարի հերթական այն հայտարարության համատեքստում, ըստ որի, Թուրքիան մինչեւ վերջ կանգնած է Ադրբեջանի կողքին։

Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրով-Ջեյհուն Բայրամով հանդիպման ավարտին տեղի ունեցած համատեղ ամփոփիչ ասուլիսի ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ անընդունելի են բանակցողների կազմի փոփոխության փորձերը: Թուրքիայի Պնախարար Հուլուսի Աքարի հայտարարությունը, արված «Անադոլուի» հետ հարցազրույցի ընթացքում, հնչեց Լավրովի այս հայտարարությունից հետո եւ կարծես թե իր ռազմական նախարարի շուրթերով Անկարան հակադարձում է Մոսկվային։ Հուլուսի Աքարի այս հայտարարությունը, որքան էլ լինի արդեն չափազանց ծեծված ու մաշված, սակայն մի վտանգավոր նրբերանգ է պարունակում իր մեջ։ Թուրքիան ամեն կերպ փորձում է հասկացնել, ցույց տալ, որ Բաքվին անվերապահ աջակցելով, ինքը դառնում է այդպիսով հակամարտության կողմ։

Սա կարծես թե նրա համար հիմնավորում է, թե ինչու պետք է աթոռ ունենա եռանախագահության վերակազմյալ ձեւաչափում։ Բրայզան, որքան էլ հարցը ներկայացնի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում, այնուհանդերձ, «անկեղծացել» է իրականում բացարձակապես այլ խնդրի հետ կապված։ Թուրքիայի ակտիվացումը, «վակում լցնելու» մասով, կապված է ոչ այնքան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կամ իր «փոքր եղբորը» օգնելու ցանկությամբ, որքան Կովկասում արմատավորվելու մարտահրավեր Ռուսաստանին նետելու մտադրությամբ, իսկ Կովկասը նրա համար առանցքային կարեւորություն ունի, եթե հաշվի ենք առնում, որ Էրդողանյան Թուրքիան այժմ լիովին գտնվում է նեոօսմանական եւ պանթյուրքական ուսմունքների ազդեցության ներքո։