Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության համար Հայոց...

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունն արձագանքել է Միքայել Մինասյանի գրառմանը՝ Արամ Ա–ի մասին

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրվել է հայտարարություն, որը ըստ էության Արամ Ա–ի արձագանքն է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նախօրեին արած այն գրառմանը, ըստ որի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը համարժեք գնահատական չի տալիս Հայաստանի իշխանությունների՝ Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ուղղված քաղաքականությանը։

«Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան համար Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը եւ մեր ժողովուրդին բռնաբարուած իրաւունքներուն վերադարձի պահանջքը կը մնան անշեղելի սկզբունք՝ վեր ներքին թէ արտաքին աշխարհաքաղաքական նկատումներէ ու շահերէ։ Պայմանները ու իշխանութիւնները, անձերն ու մօտեցումները կրնան փոխուիլ, սակայն ազգի մը իրաւունքները կը մնան անփոփոխ ու անբռնաբարելի»,- ասվում է հայտարարությունում։

Միքայել Մինասյանն իր գրառման մեջ հիշեցրել էր, որ 6 տարի առաջ ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ի լուր աշխարհի տիեզերական վարդապետ հռչակեց Գրիգոր Նարեկացուն, իսկ Հայոց ցեղասպանությունը բնորոշեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։ Այդ օրը Սուրբ Պետրոսի տաճարի խորանից խոսեց նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, ինչի հնարավորությունը ստեղծելու համար հայկական կողմն ահռելի ջանքեր էր ներդրել՝ հիմնավորելով, որ Կիլիկիո թեմն ուղիղ ժառանգորդն է և՛ ցեղասպանվածների, և՛ Հայկական հարցի, և՛ Ցեղասպանության միջազգային ճանաչման։ Մինչդեռ այսօր, դեսպանի խոսքով, երբ Ցեղասպանության ճանաչման հարցն հօգուտ թուրքերի է լուծում Նիկոլ Փաշինյանը՝ սեղմելով «թրքասիրության ու թրքաներության» կոճակը, աշխատելով ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի դեմ, այդ ամենը չի նկատում Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը։

«Սուրբ Զատիկի առթիվ Արամ Ա-ն «Հայրապետական օրհնութեամբ և հայրական ջերմ սիրով» նամակ է հղել «Սիրելի՛ Պրն. Վարչապետ, նորին վսեմություն, տիար» Նիկոլին...

Ես կարող եմ հասկանալ, որ Արամ Ա-ը հնարավոր է վերանայել է Նիկոլի հրաժարականի իր պահանջը։ Նույնիսկ կարող եմ ընդունել, որ իմ ու իր գնահատականները Նիկոլի վերաբերյալ կարող են չհամընկնել։ Բայց չեմ հավատում, որ նամակն ուղարկելու օրերին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունում չէին նկատել Հայաստանի իշխանության հակապետական ու ընդդեմ Հայոց ցեղասպանության ուղղորդված քաղաքականությունը»,– գրել է նա։