Մեծամորի դիահերձարանի մոտ կայանված են «Սպայկա...

Մեծամորի դիահերձարանի մոտ կայանված են «Սպայկա» ընկերության տարբերանշանով սառնարանային կցորդներ, որտեղ, ըստ քաղաքացիներից ստացված ահազանգերի, պահվում են պատերազմին մասնակցած, ըստ երևույթին դեռևս ինքնությունը չպարզված զինծառայողների աճյունները։ 

Սպայկայից «Փաստինֆո»-ի հետ զրույցում չհերքեցին, որ սառնարաններ են հատկացրել ՊՆ-ին՝ կարիքների համար։ Ավելին, ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ պատերազմի օրերին երկու սառնարանային կցորդ են փոխանցել ՝ անհատույց՝ միաժամանակ հավաստիացնելով, թե տեղյակ են չեն, թե նախարարությունը ի՞նչ նպատակով է դրանք օգտագործել։

«ՊՆ-ին երկու միավոր կցորդ ժամանակին հանձնել ենք, բայց դրանք մենք չենք վարում։ Թե դրանք որտեղ են, ի՞նչ գործողություններ են արել, չենք կարող ասել։ Դրանք չեն վերադարձվել ու հետ հանձնելու խնդիր էլ չկա»,- ասաց Բաղդասարյանը։ Վերջինիս փոխանցմամբ՝ ընկերությունը պատերազմի ժամանակ Արցախի և Հայաստանի միջև բեռնափոխադրումներ իրականացրել է, Ստեփանակերտ տեղափոխել հումանիտար օգնություն։

«Փաստինֆո»-ն փորձեց նաեւ ԱՆ-ից մեկնաբանություն ստանալ՝ դիահերձարանի մոտ կայանված սառնարանային կցորդների վերաբերյալ, սակայն զանգերն անպատասխան մնացին։

Աղբյուր` Փաստինֆո