Մահացել է թարգմանիչ, դիվանագետ Համլետ Գասպարյ...

Մահացել է թարգմանիչ, դիվանագետ Համլետ Գասպարյանը: Այս մասին տեղեկանում ենք «Նյումեգ» հրատարակչության «Ֆեյսբուքի» պաշտոնական էջից:

Համլետ Գասպարյանը խորհրդային տարիներին Երևանի հրատարակչություններում եղել է սրբագրիչ և խմբագիր, մասնակցել է «Ազգ» թերթի հիմնադրմանը: Աշխատանքի անցնելով ԱԳՆ-ում՝ Ֆրանսիայում եղել է արտակարգ դեսպանորդ, Ռումինիայում, Չեռնոգորիայում՝ դեսպան: Համլետ Գասպարյանը 2020-ին պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: «Նյումեգի» հիմնադրման օրից գործակցել է հրատարակչության հետ. թարգմանել է Շառլ Ազնավուրի «Վերջին դուռը» գիրքը, խմբագրել է «Կյանքից կառչած», «Հայրս՝ այդ հսկան», «Քանի սիրտս բաբախում է», «Մեղմ շշուկով» գործերը:

Եկող շաբաթ լույս է տեսնելու նրա թարգմանությամբ Ազնավուրի «La Boheme. Անցած օրեր» գիրքը: Նրա թարգմանած ու խմբագրած գրքերն աչքի են ընկնում գեղեցիկ, նրբաճաշակ և հղկված հայերենով: