Լիբանանի վարչապետը բոլոր մուսուլմաններին կոչ...

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է, որ Նիսում տեղի ունեցած հարձակումը որեւէ ընդհանրություն չունի իսլամի եւ Մուհամեդ մարգարեի հետ, եւ որ բոլոր մուսուլմանները պետք է դատապարտեն այդ հանցանքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հարձակումը տեղի է ունեցել այսօր առավոտյան Նիսում: 3 մարդ է զոհվել: Հարձակում գործած անձին ձերբակալել են, ձերբակալության ժամանակ նա վիրավորում է ստացել: Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին հայտարարել է, որ հարձակում գործած անձը կրկնել է. «Ալլահ աքբար»: Նրա խոսքով՝ ամեն ինչ վկայում է այն մասին, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է:

«Խստորեն եւ վճռականորեն դատապարտում եմ Նիսում տեղի ունեցած հանցանքը: Ահաբեկչությունը կրոն չունի: Բոլոր մուսուլմանները պետք է դատապարտեն այդ հանցանքը, որը որեւէ ընդհանրություն չունի իսլամի եւ բոլորի կողմից սիրված մարգարեի հետ նրա ծննդյան սուրբ հիշատակի օրը»,-գրել է Հարիրին Twitter-ի իր էջում:

Այսօր ամբողջ աշխարհի մուսուլմանները նշում են Մավլիդ Նաբավին կամ Մուհամեդ մարգարեի ծննդյան օրը: Այն նշվում է մուսուլմանական օրացույցով (լուսնային) երրորդ ամսվա 12-րդ օրը (Ռաբի-ուլ Ավաալ): Ռուսաստանում ընդունված Գրիգորյան օրացույցի համաձայն՝ դա տեղի է ունեցել Մեքքայում 577 թվականի ապրիլի 22-ին: